Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Ինչպէս նախքինում տեղեակ էինք պահել, ընդունելով Լիբանանում Զւիցերիայի դեսպանուհին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս նրան փոխանցել էր հայ ժողովրդի ընդւզումը՝ թուրք Բերենչէքի հարցի վերաբերեալ մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի ընդունած որոշման գծով:

Երէկ Վեհափառ Հայրապետը նոյն հարցի մասին նամակ է յղել Զւիցերիայի արդարութեան նախարարուհի Ս. Սոմարուկային: Ստորեւ կը ներկայացնենք Վեհափառ Հայրապետին գրած Ֆրանսերէն նամակի թարգմանութիւնը.– 

 

Նորին վսեմութիւն

Ս. Սոմարուկա

Արդարութեան նախարար

Պեռն, Զւիցերիա

 

Այսու գրութեամբ Ձեզ ենք փոխանցում հայկական Սփիւռքի խոր ընդւզումը, Բերենչէքի հարցով Զւիցերիան դատապարտող մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի վճիռի գծով: Արդարեւ, սոյն վճիռը ընկալւեց որպէս Հայոց Ցեղասպանութեան նկատմամբ ժխտողականութիւնը վաւերականացնող որոշում՝ որ փաստօրէն շարունակութիւնն է նո՛յն ընթացքի:

Ցեղասպանութեան հերքումը ինքնին մի այլ  կերպ է հայ ժողովրդի նկատմամբ ցեղապաշտութիւն եւ ատելութիւն արտայայտող: Հետեւաբար, յիշեալ վճիռը գալիս է զօրակցելու բոլոր նրանց որոնք, յատկապէս Թուրքիայում, նենգ քարոզչութիւն են կատարել, բոլորովին անյարիր ճշմարտութեան եւ արդարութեան որոնման հետ:

Բերենչէքի կատարած յայտարարութիւնները խօսքի ազատութեան հետ առնչելու մօտեցումը, իբրեւ թէ պատմական կամ իրաւական տեսակէտ արտայայտող, հայ ժողովուրդի կողմից ընկալւեց մեծ զարմանքով:

Փաստօրէն՝ «գիտական պրպտողի» քողի տակ՝ Բերենչէքը մի ծայրայեղական է, որ ցեղասպանութեան ոճրի պաշտպանողականը կատարում է: Հետեւաբար, ցեղասպանութիւնը հերքելու նրա ազատութիւնը պաշտպանելով՝ մարդու իրաւունքների Եւրոպական դատարանը արգելել է Զւիցերիային, որ խօսքի ազատութեան տայ այնպիսի մեկնաբանութեան որ չի խանգարել ու վտանգել հանրային ապահովութիւնը: Բնականաբար, նմանօրինակ վճիռը մի սկզբունքային լուրջ հարց է արծարծել Զւիցերիայի համար: Արդ, արժում է յիշեալ հարցը բարձրացնել բարձրագոյն Ատեանի առջեւ: Նման քայլը առիթ է ընծայելու աւելի լայն կերպով քննարկելու ա՛յն միջոցները, որոնց ճամբով Եւրոպական Խորհրդի անդամ երկիրները կարող են ազդեցիկ կերպով պայքարել ժխտողական քաղաքականութեան դէմ:

Արդարեւ, սոյն վճիռի առթիւ այլազան կարծիքները, ինչպէս նաեւ տարբեր ուղղութեամբ առաջնորդւող եւրոպական իրաւաբանութեան (jurisprudence européenne ) առկայութիւնը առիթ են ընծայում որ հարցը կրկին քննարկւի Բարձրագոյն Ատեանի հեղինակաւոր միջամտութեամբ:

Օրհնութեամբ՝

                                                                                                     ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

                                                                                                     ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ