Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնն (ԱԳՆ) արձագանքել է Հռոմի պապի` Հայ առաքելական եկեղեցու հետ ստորագրւած համատեղ հռչակագրին, Հայաստանում ունեցած ելոյթներին եւ «ցեղասպանութիւն» բառի կիրառմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի արտաքին գերատեսչութեան պաշտօնական կայքում տեղադրւած յայտարարութեան մէջ սրբազան քահանայապետի գործողութիւնները որակւել են որպէս, կրօնական գործօնով պայմանաւորւած, «հերթական խտրական վերաբերմունք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տառապեալ զոհերի նկատմամբ»:  

Յայտարարութեան մէջ նշւում է, որ Հռոմի պապը կախւածութիւն ունի «իրականութեան եւ պատմական փաստերի հետ կապ չունեցող» հայկական տեսակէտներից: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի այդ մասին են վկայում Հայաստան կատարած այցի ժամանակ նրա կողմից Ծիծեռնակաբերդի յուշահամալիր այցելելը, «1915-ի դէպքերի» վերաբերեալ անյաջող յայտարարութիւններ անելը, հայկական եկեղեցու հետ համատեղ հռչակագիր ստորագրելը եւ վերադարձի ճանապարհին «զրպարտանքներով լի» յայտարարութիւններ անելը:

«Հայաստան կատարած այցի ընթացքում պատմական փաստերի նկատմամբ Պապի որդեգրած կողմնակալ մօտեցումը չի կարող ծածկւել ո՛չ տարբեր խմբերի միջեւ խաղաղութիւն եւ բարեկամութիւն հաստատելու ցանկութեան մասին իր պնդումներով, ո՛չ փետրւարի 3-ին Վատիկանի արած յայտարարութեամբ, որում ընդունւում էր պատմաբանների համատեղ յանձնաժողովի անհրաժեշտութիւնը, ո՛չ էլ ահաբեկչութիւնը քննադատող յայտարարութիւնը` 1977թ. ASALA-ի կողմից Վատիկանում Թուրքիայի դեսպան Թահայ Ջարըմի սպանութեան յղումով»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Նշւում է նաեւ, որ Պապի նման պահւածքը չի նպաստում տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը, որը խաթարւել է յատկապէս ապրիլ ամսին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատւածներում տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով:

«Այնպէս որ`Սուրբ աթոռը ներկայացնող մարդկանցից բոլորը սպասում են ապագայ սերունդներին խաղաղութիւն եւ բարեկամութիւն ժառանգութիւն թողնելու ջանքեր եւ կառուցողական մօտեցում` հիմնւած օրէնքի նկատմամբ յարգանքի վրայ»,- ասւած է յայտարարութեան եզրափակիչ մասում: