Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի առաջնահերթ խնդիրը Փերինչեքի գործով Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանի որոշման բողոքարկման հարցն է:

Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի հաղորդակցութեան եւ կապի պատասխանատու Պետօ Դեմիրճեանը «Արմէնպրես» լրատու գործակալութեան յայտնեց, որ եւրոպական մի շարք երկիրների` Պելջիքայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի եւ Ռումանիայի մէջ արդէն բանակցութիւններ են ընթանում Զւիցերիայի դեսպանների հետ` մինչեւ 17 մարտ Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանի որոշման վերատեսութեան դիմում ներկայացնելու ուղղութեամբ:

«Դեկտեմբերից մինչեւ մարտ զբաղւելու ենք այս հարցով՝ համոզւելու համար, որ Զւիցերիան ճիշտ որոշում կընդունի: Զւիցերիայի դեսպանների հետ հանդիպումների ընթացքին մենք մանրամասն բացատրեցինք պատճառները, թէ ինչո՛ւ Զւիցերիա պէտք է վերատեսութեան դիմում գրէ: Մենք վստահ ենք, որ դեսպանները արդէն զեկուցել են Զւիցերիայի արտաքին գործերի նախարարութեան, եւ մեր տւեալների համաձայն, Զւիցերիայի արդարադատութեան նախարարութիւնը վերատեսութեան դիմումի մասին իր կարծիքը ներկայացնելու է արտաքին գործերի նախարարութեան»,- յայտնեց Պետօ Դեմիրճեան:

Մարդկային իրաւունքների եւրոպական դատարանը բաւարարած է Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու համար Զւիցերիական դատարանի կողմից մեղաւոր ճանչցւած քաղաքական գործիչ, Աշխատաւորական կուսակցութեան առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թւականին Զւիցերիական դատարանը Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսւայ բանտարկութեան, այնուհետեւ բանտարկութեան որոշումը դատարանի կողմից փոխարինւել էր վարչական տուգանքով: Եւրոպական դատարանը Փերինչեքի հայցին բաւարարումը հիմնաւորել էր նրանով, որ Զւիցերիական դատարանը խախտել է Եւրոպական ուխտի խօսքի ազատութեան վերաբերեալ 10-րդ եւ 7-րդ յօդւածները: