Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հերթական անգամ անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը:
Ըստ Haberyanki-ի՝ Յըլըդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։ Նա Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության գործունեության հետ։
«Ինչպիսի զուգադիպություն՝ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարերկրյա դեսպանների հետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական ազգայնամոլական լոբբիի բանաձևը»,- ասել է Յըլդըդըմը:
Նրա խոսքով՝ «ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է՝ իրենց ամաչեցնող ոչ մի դեպք չի եղել»։
Յըլըդըրըմը հայտարարել է նաև, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։
«Այս ժողովուրդը ոչ մեկից հրաման չի ստացել, ոչ մեկի դիմաց չի խոնարհվել: Մենք կիրականացնենք այն, ինչը մեր ժողովուրդն է ցանկանում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: