Աղբիւր՝ www.yerkir.am
Տեղեկացրել ենք, որ Կ.Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ է հղելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագրականն իր հերթին նամակ է հղել Աթեշյանին:
«Հարգելի արքեպիսկոպոս
Զայրույթի և ամոթանքի զգացումով ենք ընթերցել Գերմանիայում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ նախագահ Էրդողանին ուղղված Ձեր նամակը, որում տեղ է գտել «որպես Թուրքիայի հայ համայնք» արտահայտությունը: Այս նամակն ընդունեք որպես այդ համայնքի, սակայն ձեր տեսակետների պարունակությանն ու ոճին չհամաձայնող ներկայացուցիչների խոսք:
Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի համակարգված բնաջնջումը սեփական հողերում` սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած» ներկայացվելը վիրավորանք է այդ ժողովրդի նախնիների, զոհերի և ժառանգների համար, որի մաս Դուք եք կազմում:
Ձեր կողմից սահմանած` «այս երկրի ժողովրդից տարբերվելու բարդույթից ազատված, հարկ եղած դեպքում օրենքի ու կանոնի շրջանակներում իր իրավունքները ճանաչող քրիստոնյա հայ` Թուրքիայի քաղաքացիների» հասարակությունը, չլինելով միատարր, բաղկացած է սեփական անկապ զգացմունքների, եզրակացությունների և անփոփոխ ճշմարտությունը գիտակցող անհատներից: Բանն այն է, որ հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել ոչ միայն իրենց մյուսներից տարբերելու համար, այլև 1915 թվականից հետո՝ 1942-ին ունեցվածքի հարկերի, 1955-ին՝ սեպտեմբերի 6-ի կողոպուտի, Կիպրոսում, ինչպես նաև քաղաքական այլ լարվածությունների ժամանակ, իսկ 2007 թվականի հունվարի 19-ին էլ ականատես է եղել անձը սեփական ժողովրդի խաղաղությանը նվիրած ամենաարժեքավոր ձայներից՝ Հրանտ Դինքի սպանությանը:
«Որպես Հայրապետական մարմին, շարունակելու ենք աղոթել Թուրքիայի և Հայաստանի բարեկամության և դրացիական լավ հարաբերությունների համար» ասելիս, նախագահ Էրդողանին դիմելով, նրա՝ դեռևս երկու օր առաջ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիներին ուղղված սպառնալիքներն ինչպե՞ս եք պարզաբանում: Գուցե մոռացել եք, հիշեցնենք. «Ներկա պահին մեր երկրում մոտ 100 հազար հայ կա: Նրանցից մոտ կեսը մեր քաղաքացիներն են: Այժմ բնակվում և աշխատում են մեր երկրում, սակայն կան նաև հայեր, որոնք մեր քաղաքացին չեն: Եթե մենք այս հարցում նրբանկատություն չցուցաբերենք, մեր քաղաքացին չեղող հայերին ինչո՞ւ պահենք: Ինչպես հիմա եվրոպացիներն են անում, մենք էլ նրանց կուղարկենք Հայաստան: Կանենք դա»:
Ասել եք՝ «գիտենք նաև, որ ոմանք մեր այս կեցվածքին դրականորեն չեն արձագանքելու»: Ճիշտն ասած՝ ծառայի նման խոնարհվելու ի՞նչն է կեցվածք, դա նույնպես դժվարանում ենք հասկանալ:
Հայոց ցեղասպանությունը, լինելով մարդկության դեմ իրագործված հանցանք, բացի հայերից, նաև համայն մարդկության հարցն է: Ինչպես ասում եք՝ ժողովուրդների համատեղ ապագան, որի բարօրության համար աղոթելու եք, հնարավոր է միայն արժանապատիվ առերեսումից հետո, որը չի ենթադրի հերքողականություն` ճնշումների արդյունքում:
Հարգելի արքեպիսկոպոս
Ձեր` «այս ողբերգական իրադարձություններում Գերմանիայի կայսրության բացասական դերը երկու տողով թեթևակի ներկայացնելը» խոսքից հասկանում ենք, որ Դուք դրա իմաստը չեք ընկալել: Այս հարցում Գերմանիայի կայսրության` ուղղակիորեն մեղսակից լինելու մասին հայտարարող տեքստի գրեթե 80 տոկոսը Գերմանիայի՝ սեփական պատմության հետ առերեսվելու մասին է: Այսպիսով` երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների ամենաբուռն ժամանակահատվածում բանաձևի ընդունումը զուր է դարձնում ձեր՝ «երկու երկրների միջև տրավմայի միջազգային օգտագործումը» պնդումը:
Շարունակենք. ասել եք՝ «հայ ազգին վերք պատճառած այս ցավը միջազգային քաղաքական ասպարեզում օգտագործելը, իսկապես, տխրության և ցավի աղբյուր է»: Ճիշտ է՝ ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումը մեզ համար տխրության և ցավի աղբյուր է: Քանզի Թուրքիայի հայ համայնքի վերին և ստորին ինքնությունները վնասվել են Ձեր այս տողերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, այս բանաձևի ընդունումից: Նամանավանդ «Գերմանիայի կողմից ընդունված այս բանաձևը և նմանատիպ օրինագծերը խանդավառությամբ ողջունողները պատուհան են բացել, որից նայելիս, սակայն, կտեսնեն, թե իրականում ինչպես է իմպերիալիստական ուժերի կողմից օգտագործվում հայ ժողովուրդը» Ձեր՝ պետական պաշտոնական հայտարարությունն արձանագրվել է որպես ձեր ժողովրդի նկատմամբ հատկանշական հերքողական հայտարարություն: Կտեսնենք, թե մոտ ապագայում Ձեր այս հայտարարությունը ում կողմից «խանդավառությամբ կողջունվի»:
Այս առիթով Ձեր նամակի պարունակության կապակցությամբ ափսոսանքը, ավելին՝ ընդդիմությունն ու զայրույթը կրկին արտահայտում ենք և Ձերդ գերազանցությանը խելք, միտք, ըմբռնում շնորհելու խնդրանքով դիմում Աստծուն: Մինչ ներքին ում ամեն օր մարդիկ են մահանում, Դուք դիմում եք Աստծուն՝ «երկրի բնակչությանը ծառայող պետական գործչի աշխատանքներին հաջողություն տալու» համար: Մեր ամենամեծ ցանկությունն էլ նա է, որ նա հավասարակշռված կեցվածք շնորհի Ձեզ:
Ամենախորին հարգանքներով՝
«ԱԿՕՍ»
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի