Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Գերմանիայի խորհրդարանի օրակարգում հայտնվելուց ի վեր խուճապի մեջ հայտնված Թուրքիայի իշխանությունները բազմաթիվ հայտարարություններով հանդես եկան:

Ըստ «Ակօս»-ի՝ Գերմանիայի կողմից նշյալ բանաձևի հնարավոր ընդունմանն անդրադարձել է նաև երկրի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Որպես վարչապետ` Հյուսիսային Կիպրոս առաջին այցից առաջ լրագրողների հետ զրույցում Յըլդըրըմը Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը «անհեթեթ» է որակել:

«Այս քվեարկությունը չափազանց անհեթեթ է: Գոյություն չունեցող «1915»-ը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում: Այն յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող սովորական իրադարձություններից մեկն է: Այս հարցով Թուրքիայից պատասխան պահանջողները լավ նպատակներ չեն հետապնդում»,- նշել է նա:

Յըլդըրըմը, հավատարիմ մնալով Էրդողանի վարած քաղաքականությանը, կրկնել է նրա խոսքերը: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք, թող ամեն ինչ ուսումնասիրեն` ով ինչ հանցանք ունի, թող բացահայտվի, բայց այդ ամենը թող պատմաբաններն անեն: Թող այս հարցը չդառնա քաղաքական գործիք: Այդ պատճառով Գերմանիայի հետ մեր հարաբերություններն են ոչնչանալու, իսկ մենք չենք ցանկանում դա»,- սպառնացել  է Թուրքիայի վարչապետը:

Նա չի թաքցրել նաև, որ նախագահ Էրդողանը զանգահարել է Մերկելին և այդ հարցով Թուրքիայի անհանգստությունն ու մտահոգությունը անձամբ հայտնել:

«Մերկելն իմ նոր պաշտոնի համար զանգահարել էր ինձ, և ես բոլոր մանրամասները նրան հաղորդեցի: Նրան ասացի՝ Գերմանիայում բնակվող 3 միլիոն թուրքերը Գերմանիայի և Թուրքիայի ամենամեծ կապն են: Հույս ունեմ, որ Գերմանիայում որոշում կայացնողներն ականջները չեն փակի  իրենց ձայն տվող 3 միլիոնին: Ցանկանում ենք, որ նման որոշում չկայացվի: Իսկ թե ի՞նչ կլինի, եթե կայացվի՝ ոչինչ: Նախկինում այլ երկրներ նման որոշումներ կայացրեցին: Դրանք մեզ համար դատարկ, առոչինչ բաներ են, բայց, ամեն դեպքում, չենք ցանկանում, որ նման որոշում չկայացվի»,- ասել է  Յըլդըրըմը: