Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ Ցեղասպանության հարցով Գերմանիայի հասցեին հնչեցված բացահայտ սպառնալիքներից հետո երեկ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հայտարարություն են հրապարակել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելու, ինչպես նաև հունիսի 2-ին կայանալիք քննարկումը դատապարտելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան մերժում և խստորեն դատապարտում է 1915 թվականի «դեպքերի» վերաբերյալ պատմական փաստերը նենգափոխող և ոչ իրավական բանաձևը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, շեշտվել է նաև, որ նախաձեռնությունը վտանգելու է թուրք-գերմանական բարեկամական հարաբերությունները։

Հակահայկական հայտարարության տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները: Հայտարարությանը տակ չի ստորագրել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: