Աղբիւր՝ www.yerkir.am
Գերմանացի մտաւորականները բաց նամակով դիմել են կանցլեր Անգելա Մերկելին եւ Բունդեսթագի պատգամաւորներին` կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող օրինագիծը:
Ըստ Dmeokrathaber-ի` գերմանական Die Zeit թերթում հրատարակուած բաց նամակում մտաւորականները կոչ են արել պաշտօնապէս ճանաչել Հայոց ցեղասպանութեան մասին օրինագիծը, որը յունիսի 2-ին ներկայացուելու է Բունդեսթագի օրակարգում: Նախաձեռնութեանը միացած մտաւորականների թւում է նաեւ Գերմանիայում բնակուող թուրք կինօռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ով Հայոց ցեղասպանութեան մասին աղմկահարոյց ֆիլմ էր նկարահանել:
Մտաւորականները գերմանացի պաշտօնեաներից պահանջել են յունիսի 2-ին յստակ դիրքորոշում ցուցաբերել եւ հայ ազգի դէմ կատարուած յանցանքի ճիշտ անունը տալ` օգտագործելով «ցեղասպանութիւն» բառը: Նամակում հարց է ուղղուել. «Պատկերացրէք` ապրում էք այնպիսի Գերմանիայում, ուր Հոլոքոստը հերքւում է: Սա չի՞ նշանակում, որ յանցանքը շարունակւում է»:
Եւրոպայի հիմնական արժէքներին հաւատարիմ մնալու եւ արտայայտութիւնները յստակեցնելու կոչ անող նամակում մասնաւորապէս ասւում է. «Հայոց ցեղասպանութեան հերքումը հող է նախապատրաստում նոր բռնութեան համար: 1915 թուականին հայերին «ահաբեկիչ» որակեցին եւ նրանց ունեցուածը բռնագրաւեցին: Իսկ հիմա Թուրքիայում աւելի քան 5000 քուրդ սպանուեց: Հիմա նրանց էլ են «ահաբեկիչ» որակում: Այս ամէնը տեղի է ունենում այն պատճառով, որ Թուրքիան չի առերեսւում սեփական պատմութեան հետ, եւ միջազգային հանրութիւնը նրա` այսօրուայ գործողութիւններին պատասխան չի տալիս»: