Աղբիւր՝ www.yerkir.am

 

Յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քուէարկութեան կը դրուի Հայոց ցեղասպանութեան ճանաչման նախագիծը: Թուրքիայի հայկական «Ակօս» թերթը թեմայի շուրջ զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, Կանաչների կուսակցութեան պատգամաւոր Կլաուդիա Ռոթի հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է Բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, քանի որ «օտար խորհրդարանը իրաւասու չէ որոշելու՝ դա ցեղասպանութիւն է եղել, թէ` ոչ», Ռոթը ասել է.

«Այս մօտեցումը անհաւատալի է. ոմն դեսպան բացայայտօրէն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հիւպատոսարան, ոչ մի պետութիւն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրաւունքն է՝ որոշել, թէ ինչը քննարկենք, ինչի վերաբերեալ որոշումներ կայացնենք:

Յուսով եմ, որ Սոցիալ-դեմոկրատական եւ Քրիստոնէայ-դեմոկրատական կուսակցութիւնները հաւատարիմ կը մնան իրենց խօսքին, եւ խնդիրը ոչ միայն կը քննարկուի, այլեւ նրանք կը քուէարկեն բանաձեւի օգտին եւ տեղի ունեցածը կը կոչեն իր անունով: Իսկ այդ անունը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ ցեղասպանութիւն: Մենք նոյնիսկ ուշացել ենք, անհրաժեշտ էր դեռ անցեալ տարի ճանաչել»:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ դեռեւս 10 տարի առաջ, երբ Հրանտ Դինքը պարբերաբար Գերմանիա էր այցելում եւ Հայոց ցեղասպանութեան թեմայով քննարկումներ կազմակերպում, ինքն ու Դինքը բազմիցս խօսել են Ցեղասպանութեան ճանաչման հնարաւորութիւնների մասին: Եւ հիմա՝ 10 տարի անց, երբ Դինքն արդէն սպանուած է, նա իրեն պարտաւորուած է զգում Դինքի հանդէպ՝ այս հարցը քննարկելու ու Ցեղասպանութիւնը ճանաչելու հարցում:

Իսկ այն հարցին, թէ ինչ նշանակութիւն կարող է ունենալ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, Ռոթը պատասխանել է. «Այս ցեղասպանութեան ճանաչումը հնարաւորութիւն կը տայ քննարկման դնելու դրանում մեր պատասխանատուութեան խնդիրը: Քանի որ տեղի ունեցածի համար պատասխանատու է նաեւ Գերմանիան: Գերմանիայի միապետութիւնը Թուրքիայի դաշնակիցն էր եւ, չնայած տեղեկութիւն ունէր ընթացիկ իրադարձութիւնների մասին, չմիջամտեց եւ չկասեցրեց Հայոց ցեղասպանութիւնը: Մենք պէտք է առերեսուենք մեր պատմութեան հետ»:

Նշենք, որ Կլաուդիա Ռոթը 1990-ականներին Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրաւունքների խախտման լուրջ դէպքերը խորհրդարանի օրակարգ բերող եզակի դէմքերից մէկն էր: Նա 2013թ. Ստամբուլի Գեզի զբօսայգում տեղի ունեցած բախումների ժամանակ ենթարկուել է ոստիկանների բռնութեանը, իսկ վերջին տարիներին Ռոթը Գերմանիայում Թուրքիայի կառավարութեան վարած քաղաքականութիւնը քննադատողներից մէկն է: