Աղբիւր՝ www.yerkir.am
ԱՄՆ Հայ Դատի գրասենեակը տեղեկացնում է, որ Արեւմտեան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:
Ըստ Asbarez-ի` Արեւմտեան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016 թուականի ապրիլը հռչակել է նահանգում Ցեղասպանութեան իրազեկման եւ կանխարգելման ամիս։
Վկայակոչելով աւելի քան 1,5 միլիոն հայերի եւ մէկ միլիոն յոյների ու ասորիների սպանութիւնը 1915-1923 թուականներին եւ այժմ Միջին Արեւելքում քրիստոնեաների, եզդիների եւ այլ փոքրամասնութիւնների նկատմամբ շարունակուող ցեղասպանութիւնը՝ Թոմբլինը նշել է, որ «ճանաչելով եւ մշտապէս յիշելով Հայոց ցեղասպանութիւնը, Հոլոքոստը եւ նախկինում ու ներկայում շարունակուող բոլոր ցեղասպանութիւնները՝ մենք օգնում ենք պահպանել պատմական յիշողութիւնը եւ երաշխաւորել, որ նման դաժանութիւններն այլեւս չկրկնուեն»։
Կայքը տեղեկացնում է, որ Հայ Դատի անդամներ Համբարձում Գասպարեանը, Նանսի ու Ամի Թոլիւերները մեծ դեր են ունեցել նահանգի կողմից Ցեղասպանութեան ճանաչման հարցում:
Հայ դատի յանձնախմբի արեւելեան մասնաճիւղի նախագահ Ստեֆեն Մեսրոպեանը ողջունել է յայտարարութիւնը:
«Մենք ողջունում ենք Արեւմտեան Վիրջինիային Հայոց ցեղասպանութիւնը յիշատակելու համար: Այդպիսով` այն դարձաւ ԱՄՆ 44-րդ նահանգը: Սա ուժեղ ուղերձ է միջազգային համայնքին եւ Օբամայի վարչակազմին»,- ասել է Մեսրոպեանը: