Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կշտամբել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին` Հայոց ցեղասպանութեան ժխտողական քաղաքականութիւնը շարունակելու համար, եւ կոչ արել ՝առերեսւել սեփական պատմութեանը, տեղեկացնում է «Hurriyet» թերթը:

Պաշտօնական այցով Գերմանիա այցելած Թուրքիայի վարչապետը կանցլերին եւ նրա ղեկավարած Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն կուսակցութեանը խորհուրդ է տւել զգուշ լինել` գալիք Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի հարցում, ասելով՝ «Մենք տեղեակ ենք, որ եկող տարի Գերմանիայում բիւջետայի յատկացումներ են արւելու 1915 թւականի իրադարձութիւնների 100-ամեայ տարելիցի համար: Ես խորհուրդ եմ տալիս աւելի ուշադիր լինել այս խնդրի շուրջ եւ զգուշացնել ձեր կուսակցութեանը ցանկացած յատկացումների մասին»:

Մերկելը պատասխանելով Էրդողանին, շեշտել է, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է եւ իր կառավարութիւնը չի կարող միջամտել որոշումների կայացմանը:

«Թուրքիան պէտք է հաշտւի սեփական պատմութեան հետ: Մենք չենք կարող Հայաստանում ապրող հայերին համեմատել հայերի հետ, ովքեր բռնի սփռւել էին աշխարհով մէկ»,- ասել է Մերկելը եւ ընդգծել, որ Հայաստանում մարդիկ ապրում են դժւարին պայմաններում եւ յորդորել է Էրդողանին բացել սահմանը: