Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բուլղարական Բուրգաս, Խասկովոյ եւ Սուիլենգրադ քաղաքների քաղաքապետարանները չեն ստանայ ԵՄ ֆինանսաւորումը, որն իրականացւում է Բուլղարիայի եւ Թուրքիայի միջեւ անդրսահմանային համագործակցութեան շրջանակում: Պատճառը թուրքական կողմի դիրքորոշումն է՝ կապուած այդ քաղաքների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հետ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ն, այս մասին տեղեկացնում է bTV հեռուստատեսութիւնը: Այդուհանդերձ, այդ քաղաքների իշխանութիւնները համոզուած են իրենց գործողութիւնների իրաւացիութեան մէջ` թոյլ չտալով որեւէ մէկին միջամտել իրենց ներքին գործերին:

Ֆինանսաւորման արգելքը գալիս է Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնից, որն արգելում է աշխատել այն քաղաքների հետ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանութիւնը: Քանի որ բուլղարական քաղաքները չեն կարողացել գտնել թուրքական գործընկերոջ՝ ԵՄ ֆինանսաւորմամբ իրականացնելու համատեղ ծրագրեր, նրանք կը կորցնեն մի քանի միլիոն եւրոյ: Առաւել կարեւոր նախաձեռնութիւններն առնչւում են շրջակայ միջավայրին՝ ուղղուած բնական աղէտների կանխմանը:

Խասկովոյի հետ նախկինում համագործակցած թուրքական Էդիրնէ քաղաքի քաղաքապետ Ռեջեփ Գիւրքանը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ որոշումը վերջնական է:

«Խասկովոյի հետ մենք շատ լաւ ենք աշխատել, սակայն այժմ կայ արտգործնախարարութեան արգելքը: Պատճառը նախորդ տարի Խասկովոյի քաղաքային խորհրդի որոշումն էր, որով ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան քաղաքում այգի անուանակոչուեց»,- ասել է Գիւրքանը:

Բուրգասի եւ Սուիլենգրադի հետ Թուրքիայի յարաբերութիւնները վատացան, երբ բուլղարական քաղաքներն ընդունեցին հռչակագիրներ, որոնցով դատապարտւում էր Հայոց ցեղասպանութիւնը: bTV-ի հետ զրոյցում Գիւրքանը խորհուրդ է տուել հետ կանգնել որոշումներից՝ յանուն Թուրքիայի հետ համագործակցութեան:

«Ոչ ոք չի կարող միջամտել, թէ ինչպէս ենք մենք անուանում փողոցը կամ այգին»,- կատարուածի առնչութեամբ ասել է Խասկովոյի քաղաքապետ Դոբրի Բելիւանովը:

Հաշուի առնելով, որ ԵՄ կողմից քաղաքների ֆինանսաւորումն իրականացւում է հարեւան երկրում գործընկեր քաղաքի առկայութեան պարագայում միայն՝ հաւանական է դառնում, որ բուլղարական քաղաքներն իսկապէս կը կորցնեն Եւրամիութեան կողմից տրամադրուող գումարները:

Վերջին շրջանում թուրք-բուլղարական յարաբերութիւնները վատացել են: Բուլղարիան Բուրգասում Թուրքիայի գլխաւոր հիւպատոսարանում աշխատող թուրք դիւանագէտին յայտարարել է «անցանկալի անձ»: Կառավարութեան ներկայացուցիչն ասել է, որ թուրք դիւանագէտը երկրում ծաւալել է գործողութիւններ, որոնք խախտում են դիւանագիտական յարաբերութիւնների մասին Վիեննայի համաձայնագիրը: Աւելին, Բուլղարիայի արտգործնախարար Դանիէլ Միտովը վերջերս ասել է, որ Անկարան պէտք է որոշի, թէ արդեօք ցանկանում է տեղում պահել Սոֆիայում իր դեսպանին: