Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնուող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացոյցների տուն) կոչուած, աւելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անուանափոխուած որբանոցը ցանկանում են առեւտրի կենտրոն դարձնել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Evrensel» թերթի կայքի հաղորդմամբ` «Դելիլլեր հանը» ցեղասպանութեան ընթացքում կարճ ժամանակով որպէս համակենտրոնացման ճամբար է ծառայել, ապա դարձել է որբանոց: Ուրֆայի այս որբանոցում են ապաստանել բազմաթիւ հայ երեխաներ, որոնց համար բռնագաղթի ճանապարհին վերջին «կանգառ» է դարձել Ուրֆան:

Շինութիւնը նախ յանձնուել է զբօսաշրջութեան նախարարութեանը, այնուհետեւ մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրուել է նահանգային յատուկ կառավարման վարչութեան տրամադրութեան տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնուել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մէկը շինութիւնը 5 աստղանի հիւրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նոյնպէս չի հասցուել աւարտին: Այժմ էլ կառավարութիւնը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առեւտրի կենտրոնի:

Աղբիւրը յիշեցնում է նաեւ, որ 1950-ականներին Ուրֆայի բնակչութեան աւելի քան 50 տոկոսը քրիստոնեայ է եղել, սակայն հանրապետական Թուրքիայի կիրառած քաղաքականութեան հետեւանքով այստեղից վերացուել են նոյնիսկ քրիստոնեաների հետքերը: