Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլը ռուսական պետական հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում յայտարարել է, թէ Օսմանեան կայսրութիւնում բնակուող քրիստոնեայ փոքրամասնութիւններին ոչ ոք չի սպանել: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այս յայտարարութիւնը շատերին թոյլ է տուել եզրակացնելու, թէ նա ժխտում է Օսմանեան Թուրքիայում հայերի ցեղասպանութեան փաստը:

Նախորդ տարուայ ապրիլի 30-ին, իր նստավայրում ընդունելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շրջանակներում Ռուսաստան այցելած` Հայոց կաթողիկէ եկեղեցու Ներսէս Պետրոս 19-րդ երջանկայիշատակ կաթողիկոսին, պատրիարք Կիրիլը յայտարարել էր. «Այդ տարեթիւը (1915թ. ապրիլի 24-ը-յեղ.) մեր ուշադրութիւնն է հրաւիրում այն ողբերգութեան վրայ, որն ապրել է հայ ժողովուրդը 1914-15թթ., երբ զոհուեցին աւելի քան մէկուկէս միլիոն հայեր: Այդպիսի ողբերգութիւնները չեն կարող ջնջուել մարդկանց պատմական յիշողութիւնից»: Թէեւ ակնյայտ է, որ պատրիարքը գործածում է «ողբերգութիւն», «մէկուկէս միլիոն հայերի զոհուել» արտայայտութիւնները` բնութագրելով Օսմանեան Թուրքիայում հայերի ոչնչացման փաստը, սակայն «ցեղասպանութիւն» եզրոյթը չի արտաբերում:

Հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում նա Օսմանեան կայսրութիւնում արձանագրուած պատմական իրողութիւնները ներկայացնում է մերձաւորարեւելեան տարածաշրջանի քրիստոնեայ փոքրամասնութեան հալածանքների եւ նրա հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման փաստերի հետ: «Մենք այժմ ապրում ենք այն ժամանակներում, երբ Մերձաւոր Արեւելքում, Հիւսիսային Աֆրիկայում, մի շարք այլ տարածաշրջաններում քրիստոնեաները սարսափելի վտանգների են ենթարկւում։ Նրանց ոչնչացնում են միայն այն պատճառով, որ քրիստոնեայ են»,- ասում է պատրիարքը՝ որոշակի լոյս սփռելով Օսմանեան կայսրութիւնում քրիստոնեաների նկատմամբ վերաբերմունքի կապակցութեամբ իր տարօրինակ յայտարարութեան իրական ենթատեքստի վրայ:

Ներսէս-Պետրոս 19-րդ կաթողիկոսի հետ վերոնշեալ հանդիպման ժամանակ Համայն Ռուսիոյ պատրիարքն ակնարկել էր. «Թուրքիայի տարածքում 1.5 միլիոն հայերի ոչնչացումը կապուած էր 14-15թթ. ռազմական գործողութիւնների հետ»: Այս միտքը գրեթէ նոյնութեամբ կրկնւում է նրա հեռուստահարցազրոյցում: «Մենք գիտենք, որ եղել են բռնի իսլամացման դէպքեր, քրիստոնէական տարածքների զաւթում, օրինակ՝ Բիւզանդիայում, սակայն եթէ միայն մարտական գործողութիւնները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցուել են երկու կողմերից էլ զոհերով, ապա այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել»,- ասում է պատրիարք Կիրիլը՝ հասկանալի դարձնելով, որ քրիստոնեայ հայերի, ինչպէս նաեւ յոյների  «ողբերգութիւնը» նա դիտարկում է ռազմաքաղաքական, այլ ոչ թէ կրօնական անհանդուրժողականութեան համատեքստում: Այսինքն՝ այդ էթնիկական տարրերը Օսմանեան Թուրքիայում ոչնչացուել են ոչ թէ այն բանի համար, որ քրիստոնեաներ են, այլ որովհետեւ... պատերազմ էր:

Անկախ մոտիվներից՝ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կամայ, թէ ակամայ, զգալիօրէն նեղացնում է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում միտումնաւոր ոչնչացուելու, ցեղասպանուելու ընկալման շրջանակը: Աւելին` ակնարկելով, թէ պատերազմը «միշտ ուղեկցուել է երկու կողմերից էլ զոհերով»` ռուս պատրիարքը զարգացնում է Ցեղասպանութեան հարցում թուրքական այն յայտնի արհեստական թեզը, թէ Առաջին համաշխարհային պատերազմում հայերը եւս բազմաթիւ թուրքեր են սպանել, եւ ողբերգութիւնը պէտք է ճանաչել համակողմանի:

Ամենայն հաւանականութեամբ, պատրիարք Կ'իրիլի նման մօտեցումը բացատրւում է Սիրիայում ու Իրաքում քրիստոնեաների նկատմամբ բռնութիւնները նկարագրելիս իր երկրի բազմամիլիոնանոց մուսուլմանական հանրոյթի կրօնական զգացումները չվիրաւորելու, միջկրօնական անհանդուրժողականութիւն չհրահրելու նկատառումով: Սակայն եթէ նոյնիսկ այդպէս է, ապա նա, ըստ էութեան, անում է ճիշտ հակառակը: Որովհետեւ վահաբական եւ սալաֆիական գաղափարախօսութեան վրայ հիմնուած ծայրայեղ իսլամիզմը թիրախաւորել է ոչ միայն քրիստոնէական տարրը, այլեւ առհասարակ բոլոր այլադաւաններին եւ առաջին հերթին` շիայ մուսուլմաններին, որոնց նկատմամբ  գուցէ շատ աւելի անողոք ու անհանդուրժող է: Հետեւաբար, երբ նա, միտումնաւոր աչք փակելով այս հանգամանքի վրայ, շեշտում է, թէ Սիրիայում ու Իրաքում քրստօնեաների ցեղասպանութիւն է իրականացւում, մերժում է դրա ահաբեկչական բնոյթը եւ մուսուլմանական աշխարհին անուղղակի որակում ցեղասպաններ՝ դրանով իսկ նրան տրամադրում Ռուսաստանի դէմ: Այսինքն`  կեղծ հումանիզմի տակ թաքնուած շովինիզմը զարգացնելու համար է, փաստօրէն, պատրիարք Կիրիլը որոշել «զոհաբերել» հայերի եւ յոյների ցեղասպանութեան փաստը:

Այն, որ Ռուսական քրիստոնէական ուղղափառութիւնը խորքային իմաստով երբեք պատշաճ յարգանքով չի վերաբերուել Հայ Առաքելական եկեղեցուն՝ վերջինիս աւելի շատ մօտենալով որպէս ինչ-որ քրիստոնէական աղանդի, յայտնի էր վաղուց: Սակայն, որ զոհ կարող էր դառնալ նաեւ Թուրքիայում ցեղասպանուած՝ ուղղափառ դաւանանքի կրող հարիւր հազարաւոր յոյների նկատմամբ յարգանքը, նորութիւն էր:

Հետաքրքրական է, սակայն, որ պատրիարքը  Ցեղասպանութիւնը պատերազմով արդարացնելու այս փորձը կատարում է մի իրավիճակում, երբ Ռուսաստանն այն պաշտօնապէս ընդունել է 1995թ. ապրիլին, իսկ Պետական դուման, կապուած ռուս-թուրքական ներկայիս լարուած յարաբերութիւններով, քննարկում է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու մասին օրինագիծը: Եթէ նոյնիսկ ակնյայտ քաղաքական հաշուարկներով այս օրինագիծն, ի վերջոյ, ընդունուի, ՌԴ դատախազութիւնը պատրիարքին պատասխանատուութեան կը կանչի՞ նման, մեղմ ասած, տարօրինակ մանեւրների համար...