Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սիսի պատմական կաթողիկոսարանը Մեծ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը վերադարձնելու Թուրքիայի դէմ դատական հայցը կրկին քննարկման թեմա է դարձել, այս անգամ՝ Պոլսում:
Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելուց յետոյ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան յանձնախումբը խնդրին նուիրուած նման մի քանի ասուլիսներ արդէն կազմակերպել է Վաշինգտոնում, Ժնեւում, Լիբանանում: Պոլսում հրաւիրուած ասուլիսին ներկայ են եղել Թուրքիայի եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներ, քաղաքական տարբեր հոսանքների պատկանող մտաւորականներ:
Հաւաքի նպատակն էր մամուլի միջոցով տեղեկատուութիւն փոխանցել Թուրքիայի ժողովրդին: Ինչպէս հաղորդում են Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից, ներկաներից ոմանք շեշտել են 100 տարի անց սկսուած այս դատի կարեւորութիւնն՝ այն դիտելով որպէս եզակի նախաձեռնութիւն եւ յոյս յայտնել, որ սա թուրքական պետութեան համար հայ ժողովուրդի նկատմամբ արդարութիւնը վերականգնելու առիթ կը լինի:
«Հայերն աւելի քան 100 տարի է՝ արդարութիւն են պահանջում: Այն արդարութեան փնտրտուքի եւ հատուցման պահանջի առաջին դատն է: Պիտի տեսնենք, թէ Թուրքիայի Սահմանադրական դատարանն ինչպէս պէտք է հակազդի սրան: Ամէն դէպքում՝ քայլը շատ կարեւոր է, իսկ ապագայի համար՝ խոստումնալից»,- ասել է քաղաքագէտ Չենգիզ Աքթարը:
«Թուրքիան, դժբախտաբար, չի հետեւում միջազգային օրէնքի տրամաբանութեանը: Թուրքիայում բոլոր յարաբերութիւնները հիմնւում են քաղաքական ուժերի միջեւ հաւասարակշռութիւնը պահպանելու տրամաբանութեան վրայ: Այդ պատճառով Թուրքիան հեռու է միջազգային ընկերութիւնների շարքում իր արժանի տեղը գտնելու իրողութիւնից: Դատական այս գործը Թուրքիայի սահմանադրութեան տրամաբանութեանը հակասող կալուածքի պահանջի դատ է: Եթէ Թուրքիան իր քաղաքացիներին վերաբերուի ոչ որպէս հպատակների, այլ իբրեւ ազգային, կրօնական համայնքների ներկայացուցիչների, կը կարողանայ որպէս պետութիւն օրէնքը լիարժէքօրէն կիրառել: Այսպիսով, ես այս դատը դիտարկում եմ օրէնքը յարգել-չյարգելու, ամբողջութեամբ գործադրել-չգործադրելու տեսանկիւնից»,- ասել է թուրք մտաւորական Մեհմեդ Ալթանը: