Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց որոշում` պատգամաւոր Վալերի Բուայէի օրինագիծը Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու վերաբերեալ, ուղարկել յատուկ յանձնաժողով:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` քուէարկութեանը մասնակցած 38 պատգամաւորներից 26-ը կողմ են քուէարկել բանաձեւը յանձնաժողով ուղարկելու որոշմանը, 12-ը` դէմ: Քննարկմանը մասնակցած ու ելոյթ ունեցած պատգամաւորների մեծամասնութիւնը կողմ էր հանդէս գալիս, որ Ֆրանսիան ունենայ օրէնք, որով պատիժ կսահմանուի Հայոց ցեղասպանութիւնը ժխտողների նկատմամբ, սակայն վերջնական որոշում կայացուեց նախագիծն ուղարկել յատուկ յանձնաժողով:
«Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատուութիւնը, որն ունի ժողովրդավարութեան պահպանման հարցում: Յոյս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամաւորները կը լինեն միասնական օրինագծի քուէարկման ժամանակ»,-քննարկման սկզբում յոյս էր յայտնել Բուայեն:
2013 թուականի յունուարին Բուայէի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու վերաբերեալ ընդունուել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրութեանը հակասող էր ճանաչել: