Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Շուէտի մայրաքաղաք Սթոքհոլմի Պոթ Շիրքա արւարձանային շրջանի խորհուրդը հաւանութիւն է տւել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձան տեղադրելու առաջարկին: Այս մասին տեղեկացրել է Եւրոպայի հայերի համագումարի ղեկավար Կարօ Յակոբեանը` նշելով, որ հարցի քննարկումը տեւել է բաւական երկար:

«Շուրջ մէկ ժամից աւելի տեւեց քննարկումը. չեմ կարծում, որ մինչ այս այդքան երկար այլ հարցի շուրջ քննարկում էին անում: Հարցը կոչւում էր քաղաքացիական նախաձեռնութեան առաջարկ, որ Սթոքհոլմի արւարձանային Պոթ Շիրքա շրջանի ղեկավարութեանը կոչ էր անում թոյլ տալ թուրքերի կողմից քրիստոնեաների դէմ կատարւած ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշարձան տեղադրել: Երկար քննարկումներից յետոյ շրջանային խորհուրդը ներկայացնող իշխանական եւ ընդդիմադիր կուսակցութիւնների ներկայացուցիչներից 54-ը կողմ քւէարկեց առաջարկին, 5-ը` դէմ, 1-ը` ձեռնպահ»,-ասել է Կարօ Յակոբեանը:

Մնում է միայն, որ Հայաստանից եւ հայկական կողմերից հետաքրքրութիւն լինի, որ նրանք եւս ներգրաււեն յուշարձանի տեղադրման, նրա ձեւի, գրութեան որոշման աշխատանքների մէջ: «Կարելի է կապ ստեղծել այստեղի ասորական կառոյցների հետ, որ համատեղ աշխատելու հնարաւորութիւն ստեղծւի»,-յոյս է յայտնել Կարօ Յակոբեանը:

Եւրոպայի հայերի համագումարի ղեկավարը նշել է, որ Շուէտի սոցիալ-դեմոկրատները եւ ձախ կուսակցութիւնները միահամուռ պաշտպանում էին նախաձեռնութիւնը: «Նրանք նոյնիսկ ասացին, որ յառաջիկայում հարցը կարող է դրւել այնպէս, որ այն դառնայ շրջանային խորհրդի ուղղակի պարտականութիւններից մէկը: Սա կարծես նախազգուշացում էր, որ Սեպտեմբերին սպասւում են ընտրութիւններ ու հաւանական իշխանափոխութիւնը, պատճառ կը դառնայ, որ Շուէտի կառավարութիւնն եւս ընդունի Հայոց ցեղասպանութիւնը»,-աւելացրել է Կարօ Յակոբեանը:

Նախապէս առաջարկ է եղել, որ տւեալ շրջանային խորհուրդը նախաձեռնի յուշարձանի տեղադրումը, որ, սակայն, իրաւաբանական տեսակէտից այնքան էլ նպատակայարմար չէր, քանի որ այն կը դառնար քաղաքական հարց, բացի դրանից, խորհուրդն իրաւասու չէր լինի նման ծախսեր իրականացնելու: «Ընդդիմախօսները նշում էին, որ այդ հարցը մտնում է երկրի արտաքին քաղաքականութեան շրջանակի մէջ, այդ ոլորտի պատասխանատուներն են, որ ունեն այդ իրաւասութիւնը: Միշտ էլ եթէ քաղաքացիական նախաձեռնութեամբ հարց է յառաջանում, արգելքը վերանում է»,-նշել է Եւրոպայի հայերի համագումարի ղեկավարը:  Կարօ Յակոբեանը կարծում է, որ թրքական ճնշումներն ու բողոքի ցոյցերը կարող են շարունակւել, բայց թոյլատւութեան որոշումն արդէն առկայ է: