Աղբիւր՝ www.tert.am

 

Գերմանիայի կանցլերը Անգելա Մերկելը Թուրքիա կատարած այցի ժամանակ այդ երկրի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի հետ հանդիպմանը քննարկել է Հայոց ցեղասպանութեան հարցը, այս մասին տեղեկացնում է Գերմանիայի կառավարութեան կայքը, որը ներկայացնում է հանդիպմանը յաջորդած մամուլի ասուլիսի սղագրութիւնը։

«Մենք խօսեցինք 1915 թուականի, ինչպէս նաեւ այդ կապակցութեամբ Գերմանիայի Բունդեսթագում առկայ դիմումին վերաբերող որոշակի հարցերի շուրջ: Ես նշեցի, որ իրականում այս հարցերը պէտք է առանձնայատուկ քննարկուեն ակադեմիական մակարդակով յանձնաժողովի շրջանակում, որի կազմում, ի թիւս այլոց, ընդգրկուած կը լինեն նաեւ գերմանացի պատմաբաններ»,– համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ահմեդ Դաւութօղլուն:

Նա նշել է, որ կը ցանկանար այդ հարցի առնչութեամբ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը ներկայացնել։ «Առաջին աշխարհամարտի տարիներին երկու երկրներն էլ նոյն կողմում էին, եւ նրանք պէտք է միասին հաւաքուեն՝ միւս պատմաբանների հետ համատեղ, պատմաբանների յանձնաժողովում՝ այս հարցը քննարկելու համար: Այս առումով մենք պատրաստ ենք ցանկացած աջակցութեան: Ի հարկէ, մենք ցանկանում ենք, որ դրանով նաեւ պատմական հաշտեցում տեղի ունենայ Թուրքիայի եւ հայերի միջեւ, եւ մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցութեան»,– ասել է նա:

Իր հերթին Անգելա Մերկելն ասել է, որ Գերմանիան շահագրգռուած է Թուրքիայի կայուն զարգացման հարցում: «Թուրքիան շրջապատուած է անկայունութեամբ: Այդ իսկ պատճառով մենք կը ցանկանայինք, որպէսզի ընտրութիւններից յետոյ քրդերի հետ հաշտեցման հարցին կրկին հնարաւորութիւն տրուի, որովհետեւ մենք այնքան շատ կոնֆլիկտներ ունենք, եւ պէտք է գործադրուեն բոլոր ջանքերը»,– ասել է նա:

«Այս առումով կը ցանկանայի սրտանց շնորհակալութիւն յայտնել քննարկումների եւ Հայաստանի ու Թուրքիայի հարցը եւս մէկ անգամ պատմաբանների հետ քննարկելու առաջարկութեան համար: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք եւ ինտենսիւ կը շարունակենք մեր աշխատանքը»,– աւելացրել է Գերմանիայի կանցլերը: