Աղբիւր՝ www.tert.am

 

Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը նամակով Գերմանիային կոչ է արել ճանաչել հայերի, ասորիների ու յոյների ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում:

Asbarez-ը յայտնում է, որ նամակը յղուել է Գերմանիայի Բունդեթագի նախագահին, Բունդեսթագի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահին ու իշխող կուսակցութիւնների առաջնորդներին:

Աղբիւրը ներկայացնում է այդ նամակի անգլերէն տարբերակը: Դրանում մասնաւորապէս նշւում է,  թէ ինչ «կենսական կարեւորութիւն» ունի Գերմանիայի իշխանութիւնների ներգրաւուածութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում` միջազգային հեռանկարների առումով:

Նամակը ստորագրած յայտնի ցեղասպանագէտները Գերմանիային յիշեցրել են նաեւ, որ Հայոց ցեղասպանութեան շրջանի Գերմանիայի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան տրամադրութեան տակ առկայ արխիւային փաստաթղթերը «պատմական արձանագրութիւնների» լաւագոյն նմուշներից են, իսկ Գերմանիան, աւելի քան որեւէ այլ երկիր, գործ է ունեցել ցեղասպանութեան հետեւանքների հետ:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի կապակցութեամբ Գերմանիայի Բունդեսթագի յետաձգուող որոշումը` բանաձեւի տեսքով, պէտք է սպասել հոկտեմբերի երկրորդ կէսին: