Աղբիւր՝ www.alikonline.ir
Յունւարի 27-ին, մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրեայ պետական այցը Թուրքիա: Սա Ֆրանսիայի նախագահի մակարդակով առաջինն է վերջին 22 տարւայ ընթացքում:
Օլանդն արդէն հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլի հետ: Հանդիպումից յետոյ՝ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսուա Օլանդը թուրքական իշխանութիւններին կոչ է ուղղել ընդունել Հայոց ցեղասպանութիւնը: «Նման իրադարձութիւնները յիշելը միշտ ցաւալի է, սակայն պէտք է»,- ասել է Օլանդը: Նա նաեւ յայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու համար քրէական պատասխանատւութեան ենթարկելու մասին օրէնքը:
Միեւնոյն ժամանակ, երէկ ֆրանսահայ համայնքը Փարիզի Տրոկադերոյի հրապարակում բողոքի ակցիա է անցկացրել ընդդէմ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա պաշտօնական այցի:
Այս կապակցութեամբ «tert.am»-ի հետ զրոյցում Ֆրանսիայում Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի անդամ Արա Թորանեանն ասաց. «Ֆրանսիան իր համաձայնութիւնն է տւել Եւրոմիութեանը Թուրքիայի անդամակցութեան բանակցութիւնների վերսկսման հարցում, եւ մենք այս առիթն օգտագործեցինք, որ յիշեցնենք պարոն Օլանդին իր խօսքերը. նա խոստում տւեց հայերին, եւ պէտք է յարգի իր խօսքը»: Նշենք, որ շաբաթ օրը նոյն հարցով ցոյցեր էին անցկացւել Լիոնում եւ Մարսէյլում, բայց դրանցից ամենաբազմամարդը եղել է Փարիզինը՝ 300-400 հոգի: