Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի իշխանութիւններն այլեւս չպիտի շարունակեն հերքել 1915-ին Օսմանեանն կայսրութիւնում հայերի մասսայական սպանդը, յունւարի 27-ին Թուրքիա պաշտօնական այցի առաջին օրը յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Նման իրադարձութիւնները յիշելը միշտ էլ ցաւալի է, բայց անհրաժեշտ է»,- ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսում, գրում է «Գազետա.ռու»-ն` յղում անելով Agence France-Presse-ին։

Բացի այդ, նա հաւաստիացրել է, որ Ֆրանսիան «Հաստատ կը կատարի իր պարտաւորւածութիւնն ու կընդունի Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը»։ Օլանդի խօսքով՝ Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ «1915-ի իրադարձութիւնների վերաբերեալ» համատեղ ինտենսիւ աշխատանք է անհրաժեշտ։

Իր հերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը նշել է, որ Թուրքիան «առաջարկել է ուսումնասիրել 1915-ի դէպքերի հարցը Հայաստանի, Թուրքիայի ու երրորդ երկրների պատմաբանների հետ»։

«Բացի այդ, ինչպէս նաեւ թուրք-ֆրանսիական յարաբերութիւններում, չենք կարող այդ խնդիրն ինքնուրոյն լուծել, համատեղ աշխատանք է պէտք»,- նշել է Գիւլը՝ եւս մէկ անգամ կոչ անելով համատեղ հանձնաժողով ստեղծել։ Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիայում պիտի երկու կողմերին էլ լսեն  ու հաւաստիացրել, որ Թուրքիան յարգում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը։

Անուղղակիօրէն կոչ անելով Հայաստանին ու հայ համայնքին թողնել անցեալը հետեւում ու չփոխանցել այն յաջորդ սերունդներին, Աբդուլլահ Գիւլը որպէս օրինակ բերել է Դարդանելի նեղուցում պատերազմից յետոյ Թուրքիայի ու Աւստրալիայի յարաբերութիւնները․ «Պիտի ի վիճակի լինենք ընկերացնել մեր երեխաներին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Վերջին 22 տարւայ ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի Թուրքիա առաջին այցն է: Դրա ընթացքում Ֆրանսիայի նախագահը նաեւ այցելել է Հրանտ Դինքի կնոջը։

2013-ի դեկտեմբերի երկրորդ կէսին ֆրանսիական Le Monde պարբերականը գրել էր, որ առաջիկայ ամիսներին Ֆրանսիայի կառավարութիւնը Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրինագիծ կը ներկայացնի օրենսդիրներին:

Ըստ աղբիւրի, օրինագծի մասին պաշտօնապէս կը յայտարարւի չորս ամիս անց` նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանեան այցին: Պարբերականը յաւելում էր նաեւ, որ նման ժամանակացոյցը թոյլ կը տայ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին ընդառաջ հաստատել օրինագիծը:

Դիւանագիտական նկատառումներով որեւէ պաշտօնական յայտարարութիւն այդ առթիւ չի արւելու մինչեւ 2014-ի յունւարի վերջին Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցը:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանութիւնների, այդ թւում` Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծն ընդունւել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամաւոր Վալերի Բուայէն էր: 2012-ի յունւարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քւէարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քւէարկել, 86-ը՝ «դէմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարւայ ազատազրկում ու 45 հազար եւրօ տուգանք: Աւելի ուշ՝ 2012-ի փետրւարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը ոչ-սահմանադրական էր ճանաչել:

Արդէն 2013-ի փետրւարին պատգամաւորն երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան էր ներկայացրել Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրինագիծ: Մայիսին  մասնակցելով Եւրախորհրդարանի «Հայոց ցեղասպանութիւնը. ազգերի հաշտութեան կամուրջը» թեմայով գիտաժողովին, Բուայէն նշել էր, որ Ֆրանսիան պարտաւոր է բարձրաձայնել Մարդու իրավունքների պաշտպանութեան ու հիմնական ազատութեան մասին կոնւենցիայի պահպանմանը: