Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի նախագիծը քւէարկութեան կը դրւի յուլիսի 7-ին:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնեց Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Պետօ Դեմիրճեանը:

Նրա ասութեամբ՝ խորհրդարանում ներկայացւած կուսակցական ուժերը յունիսի 24-ին քննարկել են «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցութեան Փիթեր դէ Ռուվերի ներկայացրած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի նախագիծը: Փաստաթուղթը բանակցային փուլում է, եւ դեռեւս լուրջ մշակման կարիք ունի: «Ընդդիմադիր ուժերը գոհ չեն նախագծից եւ քննադատում են կառավարութեանն Անկարայի հետ համագործակցութեան մէջ, քանի որ բանաձեւն աւելի մեղմ է, քան վարչապետի յայտարարութիւնը: Կուսակցութիւններն իրենց առաջարկները կանեն նախագծի վերաբերեալ եւ արդիւնքում կը ներկայացւի մէկ նախագիծ»,- պարզաբանեց Դեմիրճեանը:

Պատգամաւոր դէ Ռուվերի ներկայացրած նախագծում ակնարկ կայ 2015 թւականի ապրիլի 22-ին, Ֆլամանդիայի խորհրդարանի ընդունած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին, ՄԱԿ-ի 1948 թւականի խարտիային եւ Եւրոխորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ ընդունած բանաձեւին:

Ներկայացուցիչների պալատ ներկայացւած բանաձեւը սոսկ խորհրդանշական բնոյթ չի կրում եւ կոչ է անում Բելգիայի կառավարութեանը ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, ինչը կը խթանի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացի սկսմանը:

Բելգիայի վարչապետ Չառլզ Միշէլը յունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարութեան եւ իր անունից ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը: