Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան Լորդերի պալատը յունիսի 16-ին քննարկել է Հայոց ցեղասպանութեան հարցը: Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ՄԹ խորհրդարանի պաշտօնական կայքը, 1915 թուականին  հայերի, յոյների եւ ասորիների զանգուածային սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն որակելու ՄԹ կառավարութեան դիրքորոշման մասին առաջին հարցը բարձրացրել է բարոնուհի Քերոլայն Քօքսը:

Ընդգծելով, որ աշխարհի 20-ից աւելի երկրների խորհրդարաններ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանութեան փաստը, ինչպէս նաեւ Եւրոպական խորհրդարանի եւ Ուելսի համագումարի ընդունած բանաձեւերը՝ բարոնուհին հարցրել է` արդեօ՞ք ՄԹ կառավարութիւնը որեւէ մտադրութիւն ունի վերանայել իր դիրքորոշումը եւ ցեղասպանութիւն ճանաչել 1915 թուականի իրադարձութիւնները: Քերոլայն Քօքսը նաեւ յիշեցրել է Հռոմի Ֆրանցիկսոս պապի խօսքերն այն մասին, որ ցեղասպանութեան ճանաչումն անհրաժեշտ է ապաքինման, հաշտեցման եւ առաջ շարժուելու համար:

Կառավարութեան անունից Պահպանողական կուսակցութեան անդամ, Քորթաունի կոմս (The Earl of Courtown) Ջեյմս Սթոփֆորդը պատասխանել է, որ ՄԹ կառավարութիւնը ճանաչում է 20-րդ դարասկզբին Օսմանեան կայսրութիւնում բնակուող հայ ժողովրդին եւ այլ խմբերին հասցուած սարսափելի տառապանքները:

«Յիշելով եւ յարգելով անցեալի զոհերի յիշատակը, մենք գտնում ենք, որ ՄԹ  գերակայութիւնը պէտք է լինի օգնել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարութիւններին ու ժողովուրդներին՝ համատեղ առերեսուելու իրենց ընդհանուր պատմութեանը»,- նշել է Սթոփֆորդը:

Նա յաւելել է, որ կառավարութիւնը տեղեակ է 1915 թուականի զոհերի յիշատակին նուիրուած պատարագի ժամանակ Հռոմի պապի արած յայտարարութեանը եւ յարգում է նրա տեսակէտն այդ հարցի շուրջ:

Մենք համամիտ ենք, որ շատ կարեւոր է խիզախութեամբ առերեսուել պատմութեան դասերին եւ անել մեր կարողութիւնների սահմաններում ամէն հնարաւորը` նման վայրագութիւնները կանխելու համար»,- նշել է նա:

Հարցուպատասխանի ժամանակ լորդ Լինդոն Հարիսոնը, բարոնուհի Սառա Լադֆորդը եւ լորդ Ուիլիամ Բախը հարցեր են յղել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման եւ հաշտեցման վերաբերեալ՝ մասնաւորապէս խնդրելով ներկայացնել, թէ ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ-ը այդ յարաբերութիւնները բարելաւելու ուղղութեամբ:

Ջեյմս Սթոփֆորդը դրական է գնահատել է այն, որ վերջին խորհրդարանական ընտրութիւններին հայկական ծագումով պատգամաւորներ են ընտրուել խորհրդարանում: Նա նաեւ նշել է, որ ՄԹ կողմից ֆինանսաւորուող Չիւնինգ կրթաթոշակային ծրագրի շրջանակում քննարկումներ են ծաւալւում նաեւ հայ եւ թուրք շրջանաւարտների միջեւ: Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւնը նաեւ աջակցել է հայկական հասարակական կազմակերպութիւններից մէկի նախաձեռնութեանը, որի շրջանակներում տպագրուել է ցեղասպանութեան ընթացքում հայերին փրկած թուրքերի կեանքի մասին պատմող գիրք: