Աղբիւր՝ www.tert.am

 

Ստամբուլի տեխնիկական համալսարանում Հայոց ցեղասպանութեան զոհերին յիշատակած ու Աղրիում տեղի ունեցած սադրանքների դէմ ցոյց կազմակերպած ուսանողների դէմ հետաքննութիւն է սկսուել, տեղեկացնում է Demokrat Haber կայքը։

«Հրանտի հետ, Սեւակի հետ, Ցեղասպանութեա՛նն առերեսուիր», «Խաղաղութեան դէմ ուղղուած իւրաքանչիւր փամփուշտի համար պատասխան ենք պահանջելու» գրութիւններով պաստառները համալսարանի ղեկավարութիւնն ապօրինի է համարել եւ 40 ուսանողի դէմ քննութիւն է սկսել։

Որոշ ուսանողների նկատմամբ անգամ մէկից աւելի հետաքննութիւններ են սկսուել,  իսկ ցոյցի ընթացքում ուսանողների ուղղութեամբ աթոռ նետած, ձեռնաշղթաներ հագցնելով բռնութիւն իրականացրած անվտանգութեան աշխատակիցների նկատմամբ անգամ մի քննութիւն չկայ։

Միջադէպը տեղի էր ունեցել Ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ զոհուած հայերին յիշատակելու համար հաւաքուած ուսանողները «Հրանտի հետ, Սեւակի հետ, ցեղասպանութեա՛նն առերեսուիր» գրութեամբ պաստառ էին պարզել եւ պատերին էին փակցրել ցեղասպանութեանը զոհ գնացած մտաւորականների լուսանկարները։

Ուսանողները նստացոյց էին սկսել, ինչից կարճ ժամանակ անց նրանց վրայ յարձակում էին իրականացրել նախ անվտանգութեան աշխատակիցները, ապա՝ ոստիկանները։

Բազմաթիւ ուսանող-ուսանողուհիներ բռնութեան էին ենթարկուել։ Համալսարանի ղեկավարութեան պնդմամբ՝ պաստառն անօրինական է եղել, եւ ուսանողները պէտք է պատասխան տան։