Աղբիւր՝ www.asbarez.com
«Ասպարէզ»-ի անգլերէն բաժինի խմբագիր Արա Խաչատրեանի հետ հարցազրոյցի ընթացքում, քոնկրեսական Էդմ Շիֆն անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան որբերի հիւսած գորգը ցուցադրելու առաջարկի դէմ դնող Սպիտակ տան որոշումին, եւ ցաւ է յայտնել, որ պատմական կարեւոր արժէք ներկայացնող այդ գործը մնացել է Սպիտակ տան պահեստանոցում ու հազւադէպօրէն է ցուցադրւել:
««Սմիթսոնիըն» թանգարանումմ կար մի միջոցառում, որի ընթացքում պէտք է ցուցադրւէր գորգը, սակայն Սպիտակ տունը մերժեց այն տրամադրել՝ նշելով, որ դա պատշաճ միջոցառում չէ: Ես հիմա կազմակերպում եմ մի այլ միջոցառում՝ Քոնկրեսի շէնքում, որտեղ լուսարձակի տակ կառնւեն Ցեղասպանութեան օրերին եւ դրանից յետոյ մի շարք կազմակերպութիւնների տրամադրած օգնութիւնները: Ես դիմել եմ Սպիտակ տանը՝ փափագ յայտնելով, որ գորգը տրամադրւի: Կայ նաեւ նշեալ գորգի «քոյր գորգ»-ը, որը յոյս ունենք ցուցադրել, եթէ նրանք իրենց որոշումը չփոխեն: Ինձ համար սա անարդարութիւն է: Քանի որ վարչակազմը յստակ կերպով չի խօսում Ցեղասպանութեան մասին, իր համար դժւար է ցուցադրել Ցեղասպանութեան վերաբերեալ շօշափելի պատմական մի փաստ: Մենք մինչեւ Ցեղասպանութեան 100-ամեակը 14 ամիս ունենք՝ առաւելագոյն ճնշումը բանեցնելու թէ՛ վարչակազմի եւ թէ Քոնկրեսի վրայ, որպէսզի նրանք ճանաչեն Ցեղասպանութիւնը: Ես յոյս ունեմ, որ նախագահը, որ իբրեւ թեկնածու խօսել էր Ցեղասպանութեան ճանաչման մասին, իր խոստումը կը յարգի իր պաշտօնավարման ժամանակ: Կարծում եմ, որ մեզ համար ամենալաւ հնարաւորութիւնը Ցեղասպանութեան 100-ամեակն է»,- ասել է Շիֆը:
Նա հարցազրոյցի ընթացքում խօսել է նաեւ Արցախի ճակատի վրայ վերջին մի քանի օրերին զինեալ միջադէպերի ժամանակ զինւոր Արմէն Յովհաննիսեանի սպանութեան, ինչպէս նաեւ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած «Խոստումի գօտի»-ներից մէկում Փոքրիկ Հայաստանը ներառելու որոշումի մասին:
Հարցազրոյցն ամբողջութեամբ կարելի է դիտել՝ այցելելով asbarez.com/118752/exclusive-schiff-discusses-latest-soldier-death-obamas-promise-zone կայքէջը: