Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտէի նիստի մասնակիցները յունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` յարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակին:

ԵՀԽ Գործադիր կոմիտէի անդամներն անմար կրակի առջեւ ծաղիկներ զետեղեցին, ապա կատարուեց համատեղ հոգեւոր արարողութիւն: Ներկաներն աղօթեցին Հայոց Ցեղասպանութեան ընթացքում զոհուած հայորդիների, ինչպէս նաեւ յոյն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանութեան հետեւանքով բոլոր նահատակուածների համար:

Քրիստոնէական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչները իրենց աղօթքը բարձրացրեցին առ Աստուած Մերձաւոր Արեւելքի երկներում, ի մասնաւորի` Սիրիայում եւ Իրաքում, հակամարտութիւնների դադարեցման եւ շուտափոյթ խաղաղութեան հաստատման, ինչպէս նաեւ քրիստոնեաների անվտանգ կեանքի համար:

Ներկաներն աղօթեցին նաեւ 2013 թուականի ապրիլին Հալէպում առեւանգուած երկու եպիսկոպոսների` միտրոպոլիտ Մար Գրեգորիոս Իբրահիմի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի) եւ միտրոպոլիտ Պօղոս Եազիգիի (Յոյն Ուղղափառ Եկեղեցի) ապահով գերեդարձման համար:

Այնուհետեւ ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի մոդերատոր Դր. Ագնէս Աբումն ընթերցեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտէի որդեգրած հռչակագիրը, որում ասւում է.

«Օսմանեան կայսրութեան կողմից իրագործուած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտէն, հիւընկալութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, յունիսի 8-13-ն իր ժողովն է գումարում այս երկրում` յարգելու Ցեղասպանութեան նահատակներին եւ զոհերին: Մենք այցելում ենք Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր յիշելու նրանց եւ աղօթելու հարուցեալ Տէր Յիսուս Քրիստոսի անունով: Եւ մենք փառաբանում ենք հայ ժողովրդի կեանքը եւ Հայոց Եկեղեցու վկայութիւնը:

Գործադիր կոմիտէն վերյիշում է 2013 թ.-ին Բուսանում ԵՀԽ-ի 10-րդ համաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով որդեգրուած արձանագրութիւնը: 10-րդ hամաժողովի կողմից իրականացուած այս կարեւոր քայլը յաջորդեց բազում այլ առիթների, որոնցում ԵՀԽ-ի` «Եկեղեցիները միջազգային յարաբերութիւնների վերաբերեալ» կոմիտէն դեռեւս ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների յանձաժողովի 1979 թ.-ի նիստին կոչ արեց ՄԱԿ-ին եւ անդամ պետութիւններին ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: ԵՀԽ-ն տարիներ շարունակ կարեւոր դերակատարութիւն է ունեցել` զօրակցելով Հայոց Եկեղեցուն Ցեղասպանութեան մասին բարձրաձայնման ու ճանաչման եւ հայ ժողովրդի վրայ ցեղասպանութեան շարունակուող ազդեցութեանը պատշաճ արձագանքելու գործում:

1983 թ.-ին Վանկոււերում գումարուած ԵՀԽ 6-րդ համաժողովին որդեգրուած  արձանագրութիւնը ճանաչեց, որ «Համաշխարհային համայնքի լռութիւնը եւ անգամ պատմական փաստերը ժխտելու միտումնաւոր փորձերը դարձել են տառապանքի եւ աճող յուսահատութեան հաստատուն սկզբնաղբիւր հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու եւ շատ ուրիշների համար»: Մինչ որոշները շարունակում են ջանքեր գործադրել` մերժելու կամ նուազեցնելու այս պատմական իրադարձութիւնները, Գործադիր կոմիտէն  մեծապէս քաջալերուել է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի կողմից 2015 թ.-ի ապրիլի 12-ին 1.5 միլիոն հայերի զանգուածային կոտորածի` որպէս ցեղասպանութիւն հրապարակային ճանաչմամբ: Մենք շեշտում ենք, որ միջազգային հանրութիւնը պարտականութիւն ունի յիշատակելու Ցեղասպանութեան զոհերին` բուժելու այս պատմական վէրքերը եւ ապագայում պաշտպանելու նմանատիպ վայրագութիւնների կրկնութիւնից:

ԵՀԽ-ն իր բազում անդամ Եկեղեցիների հետ միասին մասնակցել է 100-րդ տարելիցի մի քանի միջոցառումներին, ներառեալ`  Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պաշտօնական ոգեկոչմանը եւ նահատակների սրբադասմանը (ապրիլի 21-25-ը, Երեւան, Հայաստան): ԵՀԽ-ն եւ նրա անդամ Եկեղեցիները կը շարունակեն այս տարի մասնակցել շարունակուող հարիւրամեակի ոգեկոչման միջոցառումներին կազմակերպուած Հայկական Սփիւռքի կողմից, ներառեալ` Հայ Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ յուլիսի 18-19-ը Անթիլիասում, Բէյրութում: Գործադիր կոմիտէն իր շնորհակալութիւնն է յայտնում աշխարհով մէկ շատ անդամ Եկեղեցիներին եւ էկումենիկ գործընկերներին, որ դիտարկել են կամ կը դիտարկեն 100-րդ տարելիցն իրենց իսկ համատեքստում եւ խօսել են յանուն Ցեղասպանութեան ճանաչման եւ նրա զոհերի ոգեկոչման: Յիշատակի այս արարողութիւնների միջոցով մենք ճանաչում ենք, որ այս ողբերգական իրադարձութիւնները տեղի են ունեցել. եւ դրանք պէտք է կոչուեն իրենց ճիշտ անունով:

Հայոց Ցեղասպանութիւնը նոյն պատմական եւ քաղաքական համատեքստում ուղեկցուել է ցեղասպանական գործողութիւններով միւս` արամէական, քաղդէական, ասորական, սիրիական եւ յունական ծագման համայնքների` մեծաւ մասամբ քրիստոնեաների նկատմամբ, ինչն ախտահարել է 20-րդ դարասկզբի պատմութիւնը:

Այսպիսի իրադարձութիւնների մերժումը, անպատիժ թողնելը եւ մոռացութեան մատնելը խրախուսում է դրանց կրկնութիւնը: Նրանք, ովքեր մերժում են կամ ձեռք են բարձացնում քրոջ կամ եղբօր կեանքի եւ արժանապատուութեան վրայ, քայքայում  եւ ոչնչացնում են եւ՛ զոհի, եւ՛ իրենց մարդկային բնութիւնը: 100-րդ տարելիցի այս ոգեկոչումը պէտք է յատկանշի ժամանակի լրումը, մինչ կառավարութիւնները ընդդիմանում են որպէս ցեղասպանութիւն որակել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ: Մենք յորդորում ենք բոլոր կառավարութիւններին հրաժարուել այս դիմադրութիւնից:

Հարիւրամեակի այս տարում մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը, ԵՀԽ անդամ Եկեղեցիներին եւ հաւատքի ու բարի կամքի տէր մարդկանց ոգեկոչելու եւ վերստին անդրադառնալու ցեղասպանութիւնների եւ մարդկութեան հանդէպ բոլոր յանցագործութիւնների կանխարգելմանը»:

Վերջում ԵՀԽ Գործադիր կոմիտէի անդամները, ուղեկցութեամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանի, այցելեցին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ: