Աղբիւր՝ www.hyeli.com
Կիլիկիայի Սիս քաղաքում իր կենտրոնակայանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացրած Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայցը մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայում, այս մասին հաղորդում է Թուրքիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը, գրում է News.am-ը:
Ջոնսը յիշեցնում է, որ վեհարանը բռնագրաււել էր Թուրքիայի կողմից մօտ մէկ դար առաջ՝ հայերի զանգւածային սպանութիւնների ժամանակ:
Ըստ եկեղեցու խօսնակ Թենի Փիրի-Սիմոնեանի, հայցը շուտ չի քննւի:
«Այն մեր հաւատքի ու ինքնութեան կենտրոնն է, ուստի եկեղեցին, հետ ստանալով իր վեհարանը, այդ բոլոր խորհրդանիշների մէջ կեանք է դնում: Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը աւելի քան հազար եկեղեցիներ, վանքեր ու այլ աղօթարաններ է թողել Թուրքիայի բազմաթիւ քաղաքներում, որոնցում մեր ժողովուրդը ապրում էր նախքան Ցեղասպանութիւնը»,- ասել է Թենի Փիրի-Սիմոնեանը:
Ըստ որոշ թուրք վերլուծաբանների, պաշտօնական Երեւանը ու հայկական Սփիւռքը հայցը դիտում են իբրեւ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու նպատակով Անկարայի վրայ գործադրւող ճնշում: Ըստ Ստամբուլի Սուլէյման Սահ համալսարանի քաղաքագէտ Ջենգիզ Աքթարի՝ հայկական Սփիւռքը մեծ դեր է խաղում այդ հարցում:
«Գոյութիւն ունի երկու մեծ խումբ՝ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, որոնք հանդէս են գալիս հայերի սեփականութիւնը բռնագրաւելու կամ ուժի միջոցով ապօրինի վերցնելու մասին փաստաթղթերով»,- նշել է Ջենգիզ Աքթարը:
«Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը նշում է, որ հափշտակւած ունեցւածքի արժէքը տասնեակ միլիարդաւոր դոլարներով է գնահատւում, սակայն Հայոց Պատրիարքարանը Ստամբուլում լռելեայն հետեւում է հայցի ընթացքին:
«Ակօսի» թղթակից Ֆաթիհ Գեոկհան Դիլերի համաձայն, լռութիւնը, ըստ երեւոյթին, Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ մրցակցութեան ու Թուրքիայի նկատմամբ վախի արդիւնք է:
Իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը ընտրութիւնների նախաշեմին խուսափել է մեկնաբանել հայցը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեռեւս չի որոշել վարոյթ վերցնել այն:
Ըստ Հայոց Առաքելական եկեղեցու հայրապետի, եթէ հայցը վիժեցւի, ապա իրենք դիմելու են Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Սակայն յունւարին Ստրասբուրգի դատարանը հօգուտ Թուրքիայի էր լուծել Ստամբուլում գտնւող շէնքերից մէկը վերադարձնելու տեղի հայկական հիմնադրամի հայցը:
Եւրոպական դատարանի ազգութեամբ թուրք դատաւոր Ռիզա Թուրմենը նախազգուշացրել է, որ դեռ շատ վաղ է ենթադրել, թէ հայկական եկեղեցին յաջողելու է իր հայցում:
«Երբ դատարանում քննութեան են առնւում վաղուց անցած գործերը, իրաւական շատ խոչընդոտներ են առաջ գալիս»,- ասել է նա:
Հայկական սփիւռքի ու եկեղեցու հնարաւոր հարիւրաւոր հայցերի պարագայում Անկարան, ըստ պատմաբանների, առերեսւելու է դատական քննութիւնների ալիքի հետ, ընդ որում եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս: