Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցութիւնները համատեղ բանաձեւի միջոցով յիշեցրել են Օսմանեան կայսրութիւնում 100 տարի առաջ հայերի հետ կատարւած ոճրագործութիւնները՝ յստակ անւանելով Ցեղասպանութիւն: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական «Die Welt» պարբերականը: Խմբակցութիւնների խօսնակներն իրենց խօսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պէտք է լինի նպաստելը համերաշխութեանը, փոխըմբռնմանն ու գիտակցմանը»: Նրանք յորդորել են Ռայնլանդ-Պֆալցի կառավարութեանն առաջ քաշել նախաձեռնութիւններ եւ ծրագրեր 1915-1916 թւականներին դէպքերի եւ դրանցում գերմանական կողմի պատասխանատւութեան ստանձնման վերաբերեալ:

Թուրքիան՝ որպէս Օսմանեան կայսրութեան յետնորդ, հրաժարւում է վայրագութիւնը ճանաչել որպէս Ցեղասպանութիւն: Գերմանական լրատւամիջոցները յիշեցնում են, որ երկրի նախագահ Եօահիմ Գաուկը եւս Առաջին Աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածները Ցեղասպանութիւն է անւանել: