Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Սիսի կաթողիկասարանը վերադարձնելու՝ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացրած հայցը մղձաւանջի նման էր Թուրքիայի համար»,- ասում է թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանն ու յաւելում՝ Թուրքիայի գլխացաւանքները դեռ նոր են սկսւում:

Լրագրողների հետ հանդիպմանը ԳԱԱ պատմութեան ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան բաժնի վարիչ Արմէն Մարուքեանն էլ կարեւորեց, որ Արամ Առաջինի հայցը Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացուեց ապրիլի 24-ից յետոյ:

«Թուրքական քաղաքական էլիտան, լրաւամիջոցները կարծում էին, որ ապրիլի 24-ով ամէն ինչ կ'աւարտուի, եթէ նրանք կարողանան դիմանալ մինչեւ ապրիլի 24-ը, դրանից յետոյ շարժումը մարելու է։ Յատկանշական է, որ ապրիլի 28-ին ներկայացուած հայցը խօսում է այն մասին, որ ոչինչ աւարտուած չէ, այլ նոր սկիզբ է` արդէն իրաւական հարթութիւնում»,- ասաց Արմէն Մարուքեանը։

Իրաւական տեսակէտից հայցը հիմնւում է 1923 թուականի Լոզանի պայմանագրի 37-ից 44-րդ յօդուածների վրայ, որոնցով Թուրքիան պարտաւորութիւններ է ստանձնել յարգելու եւ երաշխաւորելու նաեւ ոչ մահմեդականների իրաւունքները, այդ թւում՝ գոյքային:

«Առնուազն այս յօդուածները փաստացի խախտուած են Թուրքիայում` ոչ միայն Սիսի կաթողիկոսարանի կալուածքների ու գոյքի բռնազաւթման տեսանկիւնից, այլեւ հայերի ունեզրկման քաղաքականութեան առումով։ 1974 թուականի Թուրքիայի Գերագոյն դատարանում եւս մի որոշում է կայացուել, որով էլի բռնազաւթուել է հայկական համեանքի ունեցուածքը»,- ասաց Մարուքեանը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանում մերժում ստանալու դէպքում, գործը կը տեղափոխուի Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Լոզանի պայմանագրի նշուած կէտերն, ըստ Արմէն Մարուքեանի, միանշանակ ազդեցութիւն կ'ունենան այնտեղ:

«Միակ խնդիրն այն է, որ Սիսի կաթողիկոսութեան սեփականութեան վկայական գոյութիւն չունի»,- նշում է Մարուքեանն ու յաւելում, որ թուրքական կողմը դա անպայման կը շահարկի:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան՝ ապրիլի 28-ին ներկայացրած այս հայցին Թուրքիայի իրշխանութիւնները դեռեւս չեն արձագանքել: Միայն Թուրքիայի տարածքում գտնուող Սիսի քաղաքապետը, որն ազգայնական է, յայտարարել է, թէ իրենք հայերին հող չունեն տալու:

«Նա մէջբերել է Լոզանի պայմանագիրը, ասելով՝ դրա կնքումից յետոյ 6 ամսուայ ընթացքում ազգային փաքրամասնութիւնները կարող էին վերադառնալ եւ պահանջել ու ստանալ իրենց գոյքը: Չեն եկել, նշանակում է` մերն է: Այսինքն՝ պետական մակարդակով յայտարարւում է բռնազաւթման մասին»,- ասաց թուրքագէտը։

Իսկ ազգային փոքրամասնութիւնների սեփականութեան եւ գոյքի բռնազաւթումը Թուրքիայում շարունակուել է մինչեւ 1980-ական թուականներ: Տարիների ընթացքում Թուրքիան բազում օրէնքներ է ընդունել, որոնցով պետական մակարդակով բռնազաւթել է ազգային փոքրամասնութիւնների սեփականած գոյքը: Թուրքիայի Սահմանադրական դատարանի հետ երկու փորձագէտն էլ յոյսեր չեն կապում. գիտեն, թէ ինչպէս է աշխատում թուրքական արդարադատութիւնը: Այդ երկրի համար այժմ առաջնային է յետաձգել այս հայցի լսումներն այնքան, մինչեւ որ Եւրադատարանում վիճարկուող «Դողու Փէրինչէքն ընդդէմ Շուեյցարիայի» գործով որոշումը կայացուի: Իսկ դա ամիսների հարց է:

Պէտք է նշել նաեւ, որ Թուրքիան դատական գործընթացների ձգձգման հարցում վարպետ է: Այդ երկրում կան դատական հայցեր, որոնց լուծումը, 30 տարի է՝ յետաձգւում է: