Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայում Լիւքսեմբուրգի դեսպան Արլետ Կոնցեմիուսն անդրադարձել է իր երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունման փաստին:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով թուրքական Yeni Safak պարբերականը, այս մասին դեսպանը խօսել է Աթաթուրքի անուան համալսարանում կայացած համաժողովի ժամանակ: Կոնցեմիուսը նշել է, որ խորհրդարանականներն իրենց երկրում ազատ են եւ իրաւունք ունեն անկախ կերպով արտայայտել իրենց իրաւունքները: Դեսպանն ընդգծել է, որ Լիւքսեմբուրգի խորհրդարանի որոշումը որեւէ մէկի դէմ ուղղուած չէ:
«Ուղերձը, որը ցանկանում էր տալ մեր խորհրդարանը, այն է, որ պէտք է յաղթահարել անցեալում տեղի ունեցած խնդիրները եւ դրանք փակելով՝ ապահովել համագործակցութիւնը: Մենք մեր երկու մեծ թշնամիների` Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ խաղաղ վիճակի ենք հասել: Շատ եւրոպական խորհրդարանների կողմից յղուող ուղերձներն իրականում հետեւեալն են. մենք որեւէ նպատակ չունենք ինչ-որ մէկին դատելու, ամօթանք տալու կամ մեղադրելու: Իրականում մենք, ուսումնասիրելով անցեալը, ցանկանում ենք կառուցել ապագան»,- ասել է Կոնցեմիուսը:
Լիւքսեմբուրգի խորհրդարանը մայիսի 6-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանութիւնն ճանաչող բանաձեւ: Ի պատասխան դրա` պաշտօնական Անկարան, որպէս բողոքի արտայայտում, յաջորդ իսկ օրը յետ էր կանչել այդ երկրում իր դեսպանին: