Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը մայիսի 6-ին քննարկման կը դնի Հայոց ցեղասպանութեան մասին խորհրդարանի երեք խմբակցութիւնների բանաձեւերը: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում գերմանացի ցեղասպանագէտ Թեսայ Հոֆմանը յայտնեց, որ դեռեւս յայտնի չէ` իշխող երկու կուսակցութիւնների եւ ընդդիմադիրների կողմից առաջ քաշուած երեք բանաձեւի քննարկման արդիւնքում Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը որոշում կը կայացնի՞ ստեղծել մէկը, թէ ոչ:

«Մենք, ի հարկէ, չորս խորհրդարանական խմբակցութիւնների կողմից լսեցինք ազդեցիկ եւ խրախուսական յայտարարութիւններ ապրիլի 24-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակէտներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրէնսդիրները չեն քուէարկել բանաձեւի օգտին (որն, ի դէպ, լինելու է ոչ օրէնսդրական կամ ոչ պարտադիր): Սակայն մենք անյապաղ կարիք ունենք նման բանաձեւի` եւ դա ոչ միայն Գերմանիայի հայ համայնքի ակնկալիքները բաւարարելու համար: Մեզ համար դա անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանութեան մասին իրազեկութիւնը բարձրացնելու համար, քանի որ այն ներկայում կենտրոնացած է միայն Հոլոքոստի դէպքի վրայ, մինչդեռ մեր հասարակութիւնն աստիճանաբար աւելի բազմէթնիկ է դառնում ներգաղթեալների մեծ խմբերի շնորհիւ, որոնք գալիս են Մերձաւոր Արեւելքից (Թուրքիայ, Սիրիա, Լիբանան, Իրաք), որտեղ բնակւում են հայերի եւ քրիստոնեաների լայն զանգուածներ»,- «Արմէնպրես»-ին ասաց Հոֆմանը` նշելով, որ այս պատճառներից ելնելով իրենք փորձում են կենդանի պահել իրազեկութիւնը:

Գերմանացի ցեղասպանագէտն ուշադրութիւն հրաւիրեց նաեւ նրա վրայ, որ Գերմանիայի Դաշնային կառավարութիւնը որեւէ բարձրաստիճան պաշտօնեայի ապրիլի 24-ին չուղարկեց ո՛չ Երեւան, ո՛չ էլ Թուրքիայ` Գալիպոլի:

«Սա մէկ այլ ցուցիչն է այն փաստի, որ Գերմանիան խուսափում է յստակ դիրքորոշում որդեգրելուց»,- նշեց Հոֆմանը:

Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշուեց արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի քննարկմանն ուղարկել 1915թ. Հայոց մեծ եղեռնը Ցեղասպանութիւն որակող բանաձեւերի նախագծերը: Ապրիլի 24-ին Բուդեսթագի նիստում հնչեցին 9 ելոյթներ, որոնցից 7-ում պատգամաւորները Ցեղասպանութիւն էին անուանում 20-րդ դարասկբին Օսմանեան Թուրքիայի կողմերից հայերի, յոյների եւ ասորիների բնաջնջումը: