Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրք յայտնի պատմաբան Թաներ Աչքամը բաց նամակ է յղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ յայտնելով իր հիասթափութիւնը, որ նա հերթական անգամ չի արտասանել «ցեղասպանութիւն» եզրոյթը:

Նամակում Աքչամն ասել է.

«Ապրիլի 24-ին «ցեղասպանութիւն» եզրոյթը չօգտագործելով` ոչ միայն հայերին էք հիասթափեցրել։ Այս հողերում ժողովրդավարութիւն եւ մարդու իրաւունքների յարգանքի գերակայութիւնը ցանկացող թուրքերի, քրդերի, ալեւիների ու սուննիներիհանդէպ էլ էք ամօթալի քայլ արել:

Սակայն խնդիրն իրականում աւելի խորն է։ Կայ ձեր կողմից դիտաւորեալ արուած կատակերգութիւն, եւ ես՝ որպէս թուրք, ամաչում եմ այդ կատակերգութիւնից։

Գիտէք, չէ՞, որ ամէն տարի ապրիլի 24-ի Ձեր յայտարարութիւններով, կարծես, ծաղրում էք մեզ՝ թուրքերիս։

«Տեսակէտս չեմ փոխել» ասելով՝ ակնարկում էք, որ 1915 թուականը ցեղասպանութիւն է եղել։ Սակայն յետոյ, այդ բառը չօգտագործելով, ուրախացնում էք թուրքական կառավարութեան ներկայացուցիչներին։ Դուք նոյնպէս գիտակցում էք, չէ՞, որ դա տարօրինակ է, դա խաղ է: Ես, իմ անունից եմ ասում, ամաչում եմ այդ պետութեան գլխին կանգնած մի շարք տարօրինակ արարածներից, ովքեր ասում են՝ «հայհոյի'ր մօրս, բայց «ցեղասպանութիւն» բառը մի' օգտագործիր»: Իրականում այնպէս չէ, որ Ձեզ չեմ խղճում:

Հսկայ երկրի ամենաուժեղ մարդը թուրքական կառավարութիւնից վախենում է, կամ էլ Դուք նման տպաւորութիւն էք ստեղծում։ «Եթէ «ցեղասպանութիւն» բառն ասեմ, թուրքերը չեն օգնի։ Կը վտանգուեն Միջին Արեւելքի շահերս»,- մտածում էք Դուք: Կամ էլ, հաւանաբար, յաւելում էք. «Թուրքերը տարօրինակ մարդիկ են։ 1915 թուականի մասին ամենածանր բառերն եմ օգտագործում, ոչինչ չեն ասում, սակայն նեղանում են «ցեղասպանութիւն» բառից: Ես էլ միջազգային շահերիս պատճառով չեմ օգտագործի, հարցը կը լուծուի»:

Չէ՞ք մտածում վերջ տալ այս կատակերգութեանը։ Ասէ՛ք այն, ինչին հաւատում էք: Մի հատ էլ Ձեզ համար «Օբամայի խօսքի ազատութեանը խոչընդոտելու» արշաւ չսկսե՞նք:

Յարգելի' նախագահ, օգտագործէ՛ք այդ բառը: Կը տեսնէք, որ ոչինչ չի լինի: Գերմանիային, Ֆրանսիային ոչինչ չեղաւ, ձեզ էլ չի լինի։ Նախկինում մենք մի Սուլեյման Դէմիրել ունէինք (Թուրքիայի նախկին նախագահներից): Սիրիան աջակցում էր Քրդական աշխատաւորական կուսակցութեանը, Սուլեյման Դէմիրելի վրայ զայրացողներ կային, թէ «ինչու՞ Սիրիային չես ճնշում»: Նրանից ուզում էին, որ Սիրիայի գետերի ջրերը չի կտրում ու սիրիացիներին անջուր թողնում։ Դէմիրելը այդ խենթութեանը մի պատասխան ունէր. «Կտրելը կը կտրեմ, բայց յետոյ այդքան ջուրն ու՞ր եմ տեղաւորելու»:

Յարգելի' նախագահ, օգտագործէք «ցեղասպանութիւն» բառը, ոչինչ չի լինի։ Այդ բառն օգտագործելու համար Ձեզնից նեղացող Թուրքիան գնալու տեղ չունի։ «Ցեղասպանութիւն» ասած Պուտինի մօ՞տ է գնալու։

Մի՛ մոռացէք՝ Թուրքիան Հիւսիսային Կորէա չի կարող դառնալ։ Թուրքիան, բացի Արեւմուտքից, գնալու տեղ չունի։ Դա անել փորձող մէկը նոյն պահին կտապալուի։

Ծիծաղելին այն է, որ Դուք, չօգտագործելով «ցեղասպանութիւն» բառը, աջակցում էք Թուրքիան Հիւսիսային Կորեայի վերածել ցանկացողներին։ Մարդու իրաւունքների նկատմամբ փոքր-ինչ յարգանք չունեցող, միապետութեան կարօտները Ձեր աջակցութեան շնորհիւ են կանգուն մնում։ Անցեալում էլ էք միշտ այդպէս վարուել։

Սակայն գիտէ՞ք որն է իրական խնդիրը: Դուք իրականում այս խնդիրը լուծել չէք ցանկանում եւ այս իրավիճակից ծայրաստիճան գոհ էք իրականում:

Եթէ ցանկանայիք, իմացէք, որ այդ խնդրի լուծմանը կարող էիք նպաստել։ Սակայն Դուք ցեղասպանութիւն ասելուց աւելի նախընտրում էք դա որպէս մահակ օգտագործել ու սպառնալ թուրքական կառավարութեանը։ Ձեզ վախեցածի նման էք պահում, սակայն Ձեր իրական նպատակը Թուրքիայի կառավարութեանը «այ, կօգտագործեմ»-ով վախեցնելն ու ինչ-որ բան «պոկելն» է։ Եւ, հաւանաբար, ամէն տարի էլ ինչ-որ բան ստանում էք:

Սակայն այդ հարցի մէկ այլ կողմը Ձեր երկրի հետ անմիջական կապ ունի: Ձեր՝ «ցեղասպանութիւն» բառը չարտասանելուց ուժ հաւաքած` Թուրքիայի ԱԳ նախարարութիւնը սկսեց խառնուել Ձեր համալսարանների գործերին: Մեր կառավարութիւնը սովոր է բոլորին ուղղութիւն տալ: Համալսարանները զօրամաս են կարծում: Մէկը` ռեկտոր, մէկը՝ բաժնի վարիչ, իւրաքանչիւրը որոշում է կայացնում: Հիմա էլ, Ձեզանից ուժ ստանելով, որոշել են խառնուել ձեր համալսարանների գործերին»: