Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիան առանձին-առանձին յայտարարու-թիւններով դատապարտել է Ֆրանսիայի, Ա.Մ.Ն.-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ արած յայտարարութիւնները։ Անդրադառնալով Բարաք Օբամայի ուղերձին՝ Թուրքիան պնդում է, որ այն որեւէ կապ չունի փաստերի հետ, եւ որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցածը նոյնքան զգայուն խնդիր է եւ թուրքերի, եւ հայերի համար։

Ա.Մ.Ն.-ի նախագահը այս տարի եւս իր ապրիլքսանչորսեան ուղերձում խուսափել էր կիրառել «ցեղասպանութիւն» տերմինը՝ այն փոխարինելով «Մեծ եղեռն» ձեւակերպամամբ։ Օբաման նաեւ ողջունել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի յայտարարութիւնն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր, սակայն այդ համատեքստում յիշատակել էր նաեւ «թուրք եւ հայ պատմաբանների տեսակէտները»:

«Մենք մերժում ենք արդարութեան այս ընտրովի եւ կողմնակալ ընկալումը»,- ի պատասխան յայտարարում է Թուրքիայի արտգործնախարարութիւնը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թուականի ապրիլի 23-ի ցաւակցական ուղերձը [վարչապետութեան ժամանակ] եւ վարչապետ Ահմեթ Դաւութօղլուի երկու յայտարարութիւնները յունուարի 20-ին եւ ապրիլի 20-ին մանրամասնօրէն արտացոլում են Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում։ Այդ յայտարարութիւնները անկեղծ կոչ են առանց ժխտման կիսելու անցեալի տառապանքները՝ ճշգրիտ բնորոշումներով եւ վերաբերմունքով»։

Թուրքիային նաեւ զայրացրել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Երեւան եւ նրա յայտարարութիւնները։

«Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Երեւանում ապրիլի 24-ի միջոցառմանը, որը փոխանակ անցեալի կորուստների ոգեկոչման արարողութիւն դառնար, վերածուեց Թուրքիայի ինքնութիւնը, պատմութիւն եւ հասարակութիւնը զրպարտող մի առիթի։ Ցաւալի է, որ նա եւս մէկ անգամ վերահաստատեց իր աջակցութիւնը հայկական ազգայնական մեկնաբանութեանը»,- յայտարարում է Թուրքիան՝ «միանշանակ մերժելով եւ դատապարտելով Ֆրանսիայի անարդար եւ կողմնակալ վերաբերմունքը»։

Թուրքիան նաեւ նշում է՝ Օլանդից ակնկալում էին, որ երեւանեան միջոցառումների ժամանակ գոնէ կ'ընդունէր, որ Օսմանեան Կայսրութեան քաղաքացիները, անկախ իրենց ազգութիւնից եւ կրօնական պատկանելութիւնից, կայսրութեան փլուզման ընթացքում ողբերգական տառապանքներ են կրել.- «Ֆրանսիան, դժբախտաբար, նախընտրեց շարունակել իր խտրական մօտեցումը»։

Թուրքիայի արտաքին գերատեսչութիւնը նաեւ դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի նախագահ Եօախիմ Գաուկի յայտարարութիւնները։

Միաժամանակ, չնայած այս խիստ քննադատութեանը, Թուրքիան յետ չի կանչել իր դեսպաններին Հայոց ցեղասպանութեան փաստը ճանաչած Ռուսաստանից, Գերմանիայի, Ֆրանսիայից, ինչպէս արել էր Վատիկանի եւ Աւստրիայի պարագայում։