Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 21-ին, Աւստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւ:

Yerkir.am-ի հետ զրոյցում այդ լուրը հաստատեց Հ.Յ.Դ.-ի Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Դեմիրճեանը:

«Այս առաւօտեան աւստրիական խորհրդարանում ներկայացուած 6 քաղաքական խմբակցութիւնները միացեալ յայտարարութիւն են ստորագրել, որում կոչ են անում երկրի կառավարութեանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը: Այդ յայտարարութեան մէջ նշուել է նաեւ, որ Աւստրիան այդ հարցում պատասխանատուութեան իր մասն ունի, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աւստրոյ-Հունգարիան եւ Գերմանիան Օսմանեան Թուրքիայի դաշնակիցներն էին: Բանաձեւում յիշատակւում է նաեւ Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ ազգային փոքրամասնութիւնների մասին, որոնք զոհ են դարձել ջարդերին»,- Yerkir-ի հետ զրոյցում նշեց Պետօ Դեմիրճեանը:

Նա յաւելեց նաեւ, որ բանաձեւում Թուրքիային կոչ են անում առերեսուել իր անցեալի սեւ էջերի հետ:

Yerkir-ի հարցին, թէ արդեօ՞ք բանաձեւում հողային փոխհատուցման վերաբերեալ կոչ եղել է Թուրքիային, Պետօ Դեմիրճեանը պատասխանեց. «Ոչ, բանաձեւը միայն ճանաչում է եւ աջակցում Ցեղասպանութեան ճանաչման կոչերին»: