Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ` Թուրքիայում սկսել են ճնշել հայերին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 լրատուական կայքը, Թուրքիայում հայերի դէմ ճնշումների ալիքը բարձրացել է, երբ ապրիլի 12-ին Վատիկանում մատուցուած պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1915 թուականին հայերի դէմ կատարուածն անուանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն:

Կայքը յայտնում է, որ Պապի յայտնի ելոյթից յետոյ Թուրքիայի Ադանայ (պատմական հայկական քաղաք Դաշտային Կիլիկիայում) քաղաքի Դումլույեան գիւղի 59-ամեայ Վաննիս Չեթինեանի միակ հայկական ընտանիքը զրկուել է նպաստից:

Ընտանիքին նպաստից զրկած տեղական իշխանութիւնները յայտարարել են. «Սրանից յետոյ գնացէք նպաստ ստացէք հայկական սփիւռքից»: Կայքը յայտնում է, որ պապի ելոյթից յետոյ նաեւ աշխատանքից զրկուել է ընտանիքի միակ կերակրողը` Չեթինեանը, քանի որ գիւղի մահմեդական բնակչութիւնը հրաժարուել է օգտուել գիւղատնտեսական աշխատանքներում նրա ծառայութիւններից:

Չեթինեանը կայքին պատմել է, որ գիւղի դպրոցում, որտեղ յաճախում են իր երկու որդիները, վիրաւորում եւ հոգեբանական ճնշումների են ենթարկում նրանց: Երեխաներին ապօրինաբար ստիպում են յաճախել իսլամի դասաժամերին եւ «գեաւուր» (անհաւատ) են անուանում:

Չեթինեանը պատմել է, որ Ցեղասպանութիւնից յետոյ գիւղի հայ բնակչութեան մեծ մասը գաղթի ճանապարհին սպանուել է, մի մասը հասել է արտասահման, իսկ մի փոքր մասն էլ, կեանքը փրկելու համար, մահմեդական հաւատք է ընդունել:

Չեթինեանների ընտանիքը գիւղի միակ հայ ընտանիքն է: Նրանք իսլամ չեն ընդունել: Գիւղի հայկական եկեղեցին աւերելու պատճառով, նրանք յաճախում են մօտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի: Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի հետ կապուած` տեղի մահմեդական բնակչութիւնն աւելի ագրեսիւ է դարձել նրանց նկատմամբ եւ իշխանութիւնների թողտուութեամբ ծայրայեղ անհանդուրժողականութիւն է դրսեւորում: Հայ ընտանիքը յայտնուել է սոցիալական եւ հոգեբանական ծանր պայմաններում: Նրանց միակ ցանկութիւնը խաղաղ եւ սեփական մշակոյթով ապրելու հնարաւորութիւն ունենալն է», -գրում է կայքը: