Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ապրիլի 14-ին Ա.Մ.Ն.-ի Նեւադա նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ:
Փաստաթղթում նահանգային խորհրարանի անդամներն արձանագրում են 1915-1923թթ. Օսմանեան կայսրութեան կողմից հայերի նկատմամբ իրագործուած ոճրագործութիւնն՝ իբրեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն եւ կոչ են անում ԱՄՆ նախագահին եւ կոնգրէսին ճանաչել պատմական իրողութիւնը:
Նահանգային խորհրդարանի երկու պալատների նիստերին, իբրեւ պատուաւոր հիւրեր, ներկայ էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Հ.Հ.-ի գլխաւոր հիւպատոսի տեղակալ Վալերի Մկրտումեանը, համայնքային կառոյցների անդամներ:
Վալերի Մկրտումեանն իր ելոյթում նշեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ժխտումն անարգանքի դրսեւորում է ոչ միայն հայերի, այլեւ ճշմարտութեան, արդարութեան եւ մարդկութեան նկատմամբ: Հ.Հ.-ի կառավարութեան անունից նա երախտագիտութիւն յայտնեց նահանգային խորհրդարանի անդամներին` համամարդկային արժէքների նկամամբ իրենց յանձնառութեան համար:
Փաստաթղթի ընդունման գործին իրենց մասնակցութիւնն են բերել Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնը, Լաս Վէգասում Հ.Հ.-ի պատուաւոր հիւպատոս Ադրուշան Արմէնեանը, Հայ Դատի յանձնախմբի տեղական կառոյցը, համայնքային գործիչներ: