Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Tert.am - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանութեան մասին յայտարարութիւնից յետոյ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն: Ա.Մ.Ն.-ում իր պաշտօնակից Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում Չաւուշօղլուն ջանքեր է գործադրելու, որպէսզի Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբաման չասի «Ցեղասպանութիւն», գրում է թուրքական Radikal-ը:
Պարբերականը թուրք պաշտօնեայի այցն Ա.Մ.Ն.՝ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին՝ ապրիլի 24-ին ընդառաջ, կրիտիկական այց է որակում:
Ակնկալւում է, որ Չաւուշօղլուն կը փորձի կանխել Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հռոմի պապի յայտարարութեան կրկնութիւնը: Յիշեցնենք, որ Հռոմի պապն ասել էր, որ «Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է»։
Թուրքական կողմը մինչ այս կայացած հանդիպումների ընթացքում նշել է, որ Օբամայի կողմից «Ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումը վնաս կը հասցնի թուրք-ամերիկեան յարաբերութիւններին:
Չաւուշօղլուն Քերիի եւ Սպիտակ տան միջազգային հարցերով գլխաւոր խորհրդական Սիւզան Ռայսի հետ իրականացուելիք հանդիպումների ընթացքում դարձեալ ընդգծելու է հարցը:
Պարբերականը նաեւ 3 կէտ է առանձնացրել՝ նշելով, թէ ինչ տեղի կունենայ, եթէ Օբաման, ի վերջոյ, ասի «Ցեղասպանութիւն»:
1) Ա.Մ.Ն.-ի արտաքին քաղաքականութիւնը որոշող դաշնային կառավարութեան տեսակէտն ամերիկեան դատարաններում ցեղասպանութեան վերաբերեալ բացուած դատավարութիւնների համար հզօր յենարան կը դառնայ:
2) Թուրքիան կը պարտուի ամերիկեան նահանգներում սկսուած փոխհատուցման գործերով դատավարութիւններում, եթէ ամերիկեան կառավարութեան կողմից ցեղասպան համարուի:
3) Օբամայի որոշումն այլ երկրների համար օրինակ կը լինի, եւ նոյն գործընթացը կը սկսուի նաեւ այլ երկրներում: