Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետութեան խորհրդարանի Պատգամաւորների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած բանաձեւ։ Այս մասին յայտնում են Հ.Հ.-ի արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից։

Բանաձեւը, վկայակոչելով Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժի» մասին կոնուենցիան, Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրների օրէնսդիր ու գործադիր մարմինների, ինչպէս նաեւ՝ միջազգային կազմակերպութիւնների որոշումները, դատապարտում է ցեղասպանութիւնների ժխտումը:

Ստորեւ ներկայացւում է բանաձեւի տեքստի ամբողջական թարգմանութիւնը.

 

Չեխիայի Հանրապետութեան Խորհրդարան

Պատգամաւորների պալատ

2015

7-րդ նստաշրջան

76-րդ բանաձեւ

Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի 17-րդ հանդիպում

2015թ. ապրիլի 14

Օսմանեան կայսրութիւնում իրականացուած Հայոց ցեղասպանութեան

100-րդ տարելիցի կապակցութեամբ

 

Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը

Վկայակոչելով Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձեւը, որը յայտնի է նաեւ որպէս «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման եւ պատժի մասին» կ'ոնուենցիայ, եւ որը Չեխոսլովակիայի Հանրապետութիւնում հրապարակուել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով:

Հաշուի առնելով հասանելի փաստերը, ինչպէս նաեւ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայութիւնները, նկատի ունենալով Եւրոպական խորհրդարանի, Ուրուգուայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շուէդիայի, Լիտուայի, Լեհաստանի, Իտալիայի, Յունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի եւ ուրիշ պետութիւնների խորհրդարանների ու այլ օրէնսդիր ու գործադիր մարմինների որոշումները,

Օսմանեան կայսրութիւնում իրականացուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ, որը ոգեկոչւում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին Յայտնում է իր ցաւակցութիւնն ու համերաշխութիւնն աշխարհի հայութեանը եւ, միեւնոյն ժամանակ, ոգեկոչում է նաեւ ասորիների, Փոքր Ասիայի յոյների եւ եզդիների կոտորածները:

Անդրադառնում է այդժամանակեայ միջազգային հանրութեան կողմից համապատասխան արձագանքի անբաւարար վիճակին, որը հնարաւոր դարձրեց ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների դէմ ճնշումների աննախադէպ աճը եւ նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձութիւնները, այդ թւում՝ Շոան:

Դատապարտում է նման գործողութիւնների, ինչպէս նաեւ այլ ցեղասպանութիւնների ծանրութեան նուազեցումը կամ ժխտումը:

Կոչ է անում միջազգային հանրութեանը՝ կանխելու մարդկութեան դէմ յանցագործութիւններն աշխարհի ցանկացած հատուածում եւ վէճերը կարգաւորելու խաղաղ միջոցներով: