Աղբիւր՝ www.tert.am

 

Իտալական La Repubblica թերթը պատմել է Նէապոլի Սուրբ Գրիգոր Լուսաւորչի եկեղեցում հայ ժողովրդի կողմից Նէապոլ քաղաքին նուէր մատուցուած խաչքարի տեղադրման մասին: La Repubblica-ն նշում է, որ այս նախաձեռնութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի յիշատակման միջոցառումների մաս է կազմում:

Թերթը պատմում է, թէ ինչպէս է հսկայական, 2 մետր 70 սանտիմետր բարձրութեամբ խաչքարը տեղափոխուել եկեղեցի քաղաքի համապատասխան մասնագէտների, նախագիծը ղեկավարող ճարտարապետի եւ քաղաքային ոստիկանութեան վերահսկողութեամբ: Այս չափազանց նուրբ գործողութիւնն իրականացնելու համար մի քանի ժամ է պահանջուել:

Retroonline.it իտալական կայքը 20-րդ դարի ամենասարսափելի եւ արիւնալի դէպքերի մասին պատմող յօդուածում ներկայացրել է նաեւ հայերի ցեղասպանութիւնը՝ պատմական տուեալներ ներկայացնելով դէպքերի մասին:

Կայքը, ներկայացնելով Ցեղասպանութեան ճանաչման հետ կապուած վերջին տարիների քաղաքական իրավիճակը, գրում է, որ հայերի ցեղասպանութիւնը դիւանագիտական զգալի լարուածութիւն է առաջացրել Վատիկանի եւ Անկարայի միջեւ, յատկապէս 2012 թուականին, երբ Վատիկանի արխիւի հրապարակած փաստաթղթերը լեհ գիտնական Մարկոյ Յակովը օգտագործել է «Արեւելքի հարցը հայոց եղեռնի տեսանկիւնից (1894-1897)» աշխատութեան համար:

Notizieitalianews.com «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայերի ցեղասպանութիւնը» վերնագրով յօդուածում գրում է, որ այս տարի Մեծ Եղեռնի 100-ամեայ տարելիցն է ՝ նշելով, որ ամէն տարի ապրիլի 24-ին յիշատակման արարողութիւն է տեղի ունենում, քանի որ տարբեր պատմական վկայութիւնների համաձայն հէնց այս օրն են սկսուել հետապնդումները, որի հետեւանքով մէկուկէս միլիոն հայ է զոհուել 1915 թուականին:

Կայքը ներկայացնում է 1915 թուականի դէպքերը, այնուհետեւ խօսում Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը» վէպի մասին, որը պատմում է Ստամբուլում ապրող Ասեայի եւ Արիզոնայից Արմանուշ Չակմախչեանի պատմութիւնը՝ նրանց միջոցով վերհանելով անցեալի վերաբերեալ տարբեր պատկերացումները, որ առկայ են հասարակութիւններում:

Ինչպէս գրում է յօդուածի հեղինակը հայ քրիստոնեաների ցաւոտ պատմութիւնը ցոյց է տալիս, որ չպէտք է քրիստոնէութեան պատմութիւնը նուազեցնել նեղ շրջանակի, այս հարիւրամեայ տարելիցը միայն հայկական եկեղեցուն չի վերաբերում, այն պէտք է վերաբերի բոլոր եկեղեցիներին: Հեղինակը յիշեցնում է, որ հարիւրամեայ տարելիցը հէնց այն ժամանակ է յիշատակւում, երբ միջազգային հանրութիւնը անզօր հետեւում է, թէ ինչպէս են հետապնդում եւ ոչնչացնում քրիստոնեաներին Միջին Արեւելքում:

Հեղինակը եզրափակում է յօդուածը՝ յիշեցնելով, որ Հռոմի պապը Հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների հետ միասին խնդրել է, որ աստուածային ողորմութիւնը ««մեզ բոլորիս օգնի ճշմարտութեան եւ արդարութեան հանդէպ սիրով ամոքել ամէն վէրք եւ ձեռնարկել յստակ քայլեր` հաշտութիւն եւ խաղաղութիւն հաստատելու ազգերի միջեւ, որոնք դեռ համաձայնութեան չեն հասել այսպիսի վշտալի իրադարձութիւնների մեկնման հարցում»:

Հռոմի պապի այս խօսքերն է մէջբերել նաեւ korazym.org իտալական կայքը, որը գրում է, որ մէկ դար անց Ցեղասպանութիւնն իրականացնողների ժառանգները շարունակում են ժխտել այն: Կայքը ներկայացնում է, թէ ինչպէս է տեղի ունեցել հայերի ոչնչացումը Օսմանեան Թուրքիայում 100 տարի առաջ եւ նշում, որ Հայաստանի խորհրդարանը միաձայն օրինագիծ է ընդունել, որով դատապարտում է 1915 եւ 1923 թուականներին Օսմանեան կայսրութիւնում ասորի եւ յոյն ժողովուրդների կոտորածները:

Կայքն անդրադարձել է նաեւ Հռոմում Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին նուիրուած մարտին անցկացուած «Պատմութիւն եւ պատմութիւններ: Պատմութիւններ եւ վկայութիւններ Հայոց ցեղասպանութեան մասին» կոնֆերանսին, որտեղ յայտնի գերմանացի հրապարակախօս, ցեղասպանութեան տարիներին Օսմանեան կայսրութիւնում գերմանական ստորաբաժանումներում ծառայութեան ժամանակ իր տեսածն ու ապրածը գրի առած Աիրմին Վէգների որին՝ Մայքլ Վէգները յիշեցրել է իր հօր պատմական աշխատանքը: