Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ա.Մ.Ն.-ում բնակուող թուրքերն  ապրիլի 24-ին մայրաքաղաք Վաշինգտոնում «Խաղաղութեան եւ համերաշխութեան» քայլերթ կանցկացնեն՝ «հայերի հետ բարեկամութեան կամուրջ հիմնելու համար». գրում է թուրքական Haberler-ը: Երթը համակարգելու համար 145 թուրք-ամերիկեան ՀԿ-ների կողմից ստեղծուած կոմիտէն յայտնել է, որ «2015 թուականին բարեկամութեան կամուրջ հիմնելուն ամբողջութեամբ հակառակ մօտեցում ցուցաբերած հայերի միջոցառումների դէմ պայքարելու համար հարկաւոր ջանքեր գործադրելու հարցում վճռական են»:

Կոմիտէն յայտնել է, որ «Խաղաղութեան եւ համերաշխութեան» երթը մեկնարկելու է ապրիլի 24-ին Սպիտակ տան առջեւից եւ աւարտուելու է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ:

Կայքի հաղորդմամբ՝ հայկական մի շարք խմբեր ամէն տարի ապրիլի 24-ին «օկուպացնում են» Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մայթը, եւ այս ցոյցը կազմակերպուել է հայերին հակազդելու համար:

«Մի շարք հայերի՝ գնալով ուժգնացող քարոզչական գործողութիւնների դէմ կոմիտէն ստեղծել է «Պատմութիւնը թող որոշի» անունով կայքէջը, որը, ապրիլի 18-ից սկսած, Twitter-ում կը գործի նաեւ որպէս պիտակ՝ #lethistorydecide գրութեամբ»,- գրում է կայքը: