Աղբիւր՝ www.yerkir.am
Ա.Մ.Ն.-ի 15 սենատոր` Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցութիւնից, համատեղ նամակ են յղել Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ 100-րդ տարելիցին արժանի յարգանք մատուցել զոհերի յիշատակին: Ինչպէս տեղեկացնում է Ա.Մ.Ն.-ի Հայ դատի գրասենեակը, գրասենեակի ղեկավար Արամ Համբարեանը շնորհակալութիւն է յայտնել սենատորներ Մենեդեսին եւ Գարդներին, ինչպէս նաեւ` նրանց գործընկերներին մարդկութեան դէմ այս յանցագործութիւնը դատապարտելու համար:
Նա նշել է, որ, չնայած մօտենում ենք ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, Բարաք Օբաման դեռեւս չի կատարել խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնն ու վերջ դնել Ա.Մ.Ն.-ում Անկարայի վետոյին այս հարցի շուրջ: Սենատորներ Մենենդեսի եւ Գարդների նախաձեռնած նամակում շեշտւում է, որ չնայած Սենատն ունի Հայոց ցեղասպանութեան դատապարտման երկար պատմութիւն, այնուամենայնիւ, Ա.Մ.Ն.-ի նախագահի վարչակազմը ֆորմալ կերպով այդ ոճրագործութիւնը չի անուանել «ցեղասպանութիւն»:
Օբամային յղուած նամակի տակ ստորագրել են սենատորներ Բարբարայ Բոքսերը, Ռիչարդ Դուրբինը, Դայեան Ֆեյնշտեյնը, Քորի Գարդները, Դին Հելլերը, Մարկ Քըրքը, Էդուարդ Մարքեյը, Ռոբերտ Մենեդեսը, Գերի Պետերսը, Ջէք Ռիդը, Մարկոյ Ռուբիոն, Բրայեան Շացը, Դեբի Ստաբենոուն, Էլիզաբեթ Ուօրէնը եւ Շելդոն Ուայթհաուսը: Օբամային նամակ են յղել նաեւ Ա.Մ.Ն.-ի ներկայացուցիչների պալատի անդամները՝ հանրապետական Ռոբերտ Դոլդի եւ դեմոկրատ Ֆրենկ Փալոունի գլխաւորութեամբ: