Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրք բանաստեղծ Սերքան Էնգինը իր գրուածքներով փորձում է բարձրացնել Հայոց ցեղասպանութեան մասին իրազեկութիւնը Թուրքիայում: Նրա «Յանուն մարդկութեան» յօդուածը հրապարակել է soyarmenio.com-ը:

«Խորապէս հաւատում եմ, որ հաւաքական պայքարի միջոցով հայ եւ թուրք երիտասարդները կը կարողանան ոչնչացնել ատելութիւնը: Աշխատում եմ իմ գրուածքներով  բարձրացնել իրազեկութիւնը, յատկապէս թուրք երիտասարդութեան շրջանում Հայոց ցեղասպանութեան, ինչպէս նաեւ ասորիների, յոյների, քաղդէացիների  ցեղասպանութիւնների մասին, որոնք բոլորն էլ իրականացրել  են մեր թուրք նախնիները:

Ես փորձում եմ փոխել Թուրքիայում հայերի եւ յոյների հանդէպ սխալ ընկալումը, որն ստեղծուել է ստի պաշտօնական գաղափարախօսութեամբ:  Փորձում եմ թուրք երիտասարդներին ցոյց տալ մեր պատմութեան սարսափելի էջերը, որպէսզի կարողանանք վերացնել Թուրքիայում ռասիստական կրթութեան թերութիւնները: Մեզ սովորեցրել են, որ արգելւում է բոլոր ոչ թուրք էթնիկ ինքնութիւնների գոյութիւնը, ինչը բխում է քեմալական ֆաշիստական գաղափարախօսութիւնից:

Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասել է. «Մուստաֆա Քեմալի առաջին աշակերտը եղել  է Մուսօլինին, երկրորդը` ես»: Հաւատում եմ, որ միայն իրազեկութիւնը կարող է փրկել աշխարհը:

Փոխհատուցում չենք կարող գտնել  մեծ գաղափարախօսութիւնների,  մեծ ղեկավարների, փողի, զէնքի, օրէնքների եւ տեխնոլոգիաների միջոցով, մեր առաջընթացը կայանում է  գիտակցութեան հետեւողական զարգացմամբ եւ բարձրացմամբ: Գիտակցութիւնը կարող է զարգանալ կարեկցանքով, իսկ կարեկցանքն սկսւում է ուրիշների ցաւը ճանաչելով: Բոլորս պէտք է կարեկցանք զգանք բոլոր տառապողների հանդէպ եւ աջակցենք բոլոր նրանց, ովքեր ճնշուած, անտեսուած եւ շահագործուած են:

Որպէս թուրք կնոջ որդի` ընդունում եւ ճանաչում եմ Հայոց ցեղասպանութեան իրականութիւնը: Թէեւ անձամբ որեւէ մասնակցութիւն չեմ ունեցել այդ յանցագործութեան կատարմանը, ներողութիւն եմ խնդրում բոլոր հայ զոհերից եւ ծնկի եմ գալիս նրանց առջեւ մարդկութեան անունից:  Ներողութիւն եմ խնդրում ոչ միայն Հայոց ցեղասպանութեան, այլեւ` Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի, Կ'ամբոջայի, Դարֆուրի եւ բոլոր տեսակի ցեղասպանութիւնների համար, որոնք իրականացուել են անխիղճ մարդկանց կողմից: Հաւատում եմ, որ  մի օր կարող ենք յաղթահարել այս ատելութիւնը եւ գիտակցութեան պակասը»: