Աղբիւր՝ www.tert.am
Իսպանացի յայտնի հակայեղափոխական լրագրող Ռիկարդօ Անգոսօն Հայոց ցեղասպանութեան մասին յօդուած է հրապարակել «Լրագրութիւն՝ առանց սահմանների» նախագծի իսպանալեզու կայքում:
«Ցեղասպանութիւնը Թուրքիայում բնակուող հայ բնակչութեան կոտորածների, սպանութիւնների եւ զանգուածային տեղահանութիւնների ծրագիր էր, որը պայթեց Օսմանեան կայսրութեան փլուզման տարիներին:
Այժմ, երբ մէկ դար է անցել Հայոց ցեղասպանութիւնից, ժամանակն է, որ Թուրքիան, առանց յետագայ ձգձգումների, քաջութիւն ունենայ ճանաչելու ողբերգական իրադարձութիւնները, որ տեղի են ունեցել երկրի տարածքում, եւ որոնց կազմակերպման գործում ներգրաւուած են եղել ժամանակի թուրքական իշխանութիւնները:
Այս տարի պատմական հնարաւորութիւն է ընձեռւում պաշտօնական Անկարայի՝ն դա անելու, քանի որ նշւում է Հայոց ցեղասպանութեան հայրուրերորդ տարելիցը (1915-2015), որի առթիւ Հայաստանի իշխանութիւնները մի շարք միջոցառումներ են իրականացնելու Երեւանում:
Բացի այդ, Հայկական Սփիւռքը, որ ցրուած է աշխարհով մէկ, եւ որի ներկայացուցիչները կոտորածների զոհերի անմիջական ժառանգներն են, մի շարք միջոցառումներ, կոնֆերանսներ, ցուցադրութիւններ է կազմակերպում` յիշատակելու 19-րդ դարի աւարտին սկսուած եւ մինչեւ 1923 թուականն իրագործուած ողբերգութեան տարելիցը: Առաջին կոտորածները, որոնք, ի տարբերութիւն աւելի ուշ իրականացուածների, նախապէս ծրագրաւորուած չէին, տեղի ունեցան 1894-ին եւ 1897-ին, թէեւ Թուրքիայում հայկական համայնքի վրայ յարձակումները փաստագրուած են նաեւ շատ աւելի վաղ:
Թուրք առաջնորդներից իրենց դաժանութեամբ աչքի են ընկել յատկապէս Աբդուլ Համիդ Բ սուլթանը եւ նախարար Մեհմեթ Թալէաթը, որոնք ցանկանում էին ջնջել Թուրքիայում հայերի ներկայութեան, ինքնութեան, մշակոյթի բոլոր հետքերը: Սակայն պատմութիւնը չի կարող ջնջել կամ ժխտել: Պատմութիւնը միշտ կը յիշի կործանուած եկեղեցիների, պղծուած գերեզմանոցների, այրուած երկրի տէր հայերին, եւ ոչ ոք չի կարող փոխարինել յիշողութիւնը մոռացութեամբ:
Տարածաշրջանի ժողովուրդների միջեւ անհրաժեշտ հաշտութիւնը հնարաւոր է միայն Հայոց ցեղասպանութեան ճանաչման միջոցով: Դրա համար Թուրքիան պէտք է քաջութիւն ունենայ` ճանաչելու Ցեղասպանութիւնը եւ իր երկրի նախկին 2 մլն քաղաքացու ցաւը»: