Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած 30 րոպէանոց կարճ քննարկում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում: Այն նախաձեռնել էր Լեյբորիստական կուսակցութիւնը ներկայացնող պատգամաւոր, Հայ-բրիտանական միջխորհրդարանական միութեան բրիտանական խմբի անդամ Ստեֆըն Փոունդը:

Բրիտանացի խորհրդարանականներին ներկայացնելով Հայոց ցեղասպանութեան ականատեսների` Օսմանեան կայսրութիւնում Ա.Մ.Ն.-ի դեսպան Հենրի Մօրգենթաուի, Հայոց ցեղասպանութիւնը վերապրած Գրիգորիս Բալաքեանի վկայութիւնները` Ստեֆըն Փոունդն իր ելոյթում նշել է. «Կարեւոր է, որ մենք այս պալատում քննարկենք այս հարցը եւ ցոյց տանք, որ գիտենք այդ խնդրի մասին: 1.5 մլն հայեր քշուել են Սիրիայի անապատներ` մահանալու այրող արեւի տակ: Համակենտրոնացման ճամբարներ տանող մահուան երթի ժամանակ նախ սպանել են տղամարդկանց, ապա Ներքին գործերի նախարարը հրահանգել է. «Սպանել կանանց, տղամարկանց եւ բոլոր երեխաներին, ովքեր իմ ծնկի չափ են»»:

«Եթէ դա ցեղասպանութիւն չէ, ապա ես իսկապէս չգիտեմ, թէ որն է ցեղասպանութիւնը»,- ասել է Փոունդը: Նա յաւելել է, որ միայն Տրապիզոնում 40,000 հայ է սպանուել: Շատերին դրել են նաւերը, տարել Սեւ ծով եւ խեղդել, մարդկանց ներարկել են որովայնային տիֆի վարակով, փորձարկումներ արել երեխաների վրայ: Տրապիզոնում տեղի ունեցածի ականատեսն է եղել Տրապիզոնում Իտալիայի գլխաւոր հիւպատոս Ջիակոմոյ Գորրինին: Քննարկման ընթացքում բրիտանացի խորհրդարանականներից մէկն էլ բարձրացրել է Թուրքիայի կողմից ներողութիւն խնդրելու անհրաժեշտութեան հարցը, որին քննարկման հեղինակը համաձայնել է:

Ինչպէս «Արմէնպրես»-ի հետ հեռախօսազրոյցում ասաց Հայ-բրիտանական միջխորհրդարանական միութեան բրիտանական կողմի համանախագահ Ջոն Ուիթինգդեյլը, քննարկման նպատակն էր բարձրացնել բրիտանացի պատգամաւորների իրազեկուածութիւնը Հայոց ցեղասպանութեան մասին եւ ոգեկոչել ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: «Բրիտանական խորհրդարնում մենք տարբեր ցեղասպանութիւնների ոգեկոչման միջոցառումներ ենք անցկացնում: Բոլորովին վերջերս ոգեկոչեցինք Հոլոքոստի զոհերի յիշատակը: Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, ուստի կարեւոր է քննարկում սկսել, որպէսզի մարդիկ յիշեն տեղի ունեցածը եւ դասեր քաղեն դրանից: Այդ կերպ մենք կարող ենք երաշխաւորել, որ նման սարսափելի իրադարձութիւններ այլեւս տեղի չունենան»,- ասաց խորհրդարանականը:

Ջոն Ուիթինգդեյլը նաեւ նշեց, որ այս տարուայ վերջին նախատեսւում է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման կարգ մատուցել Վէսթմինիսթերեան աբբայութիւնում: «Ես գիտեմ, որ մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն ակնկալում է, որ նման պատարագի մատուցում կազմակերպուի»,- յայտնեց նա: