Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Արարատի ստորոտին» միջազգային 5-րդ մեդիաֆորումի վերջին օրն էր այսօր: Մասնակիցները Մատենադարանում ընդունեցին Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող՝ համատեղ հռչակագիրը, որը ողջ աշխարհի մեդիայ հանրութեանը կոչ է անում հնարաւոր բոլոր միջոցներով յաւէրժացնել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը, կանխել ծայրահեղականութեան, ռասիզմի, այլատեացութեան քարոզչութիւնը զանգուածային լրատուամիջոցներում: 

«Մենք դատապարտում ենք 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան ժխտումը, ինչպէս նաեւ պատմական փաստերի խեղաթիւրումը, ողբերգութեան պատճառների, մեխանիզմների ու հետեւանքների շահարկումը:

Միջնորդում ենք, որպէսզի ամբողջ աշխարհը դատապարտի այդ սարսափելի իրադարձութիւնները, որոնց նպատակը հայ ազգի եւ նրա բազմադարեայ եզակի մշակոյթի ոչնչացումն ու սեփական հայրենիքից դուրս մղելն էր»,-ասուած է հռչակագրում:

«Հայաստանը ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ». օրուայ բանախօսութեան թեման էր։  Նիստից յետոյ մասնակիցները շրջեցին թանգարանում, ծանօթացան հին ձեռագրերին:  

Իսկ մեդիաֆորումի մասնակիցների մի մասն առաւօտեան ուղեւորուել է Արցախ:

3 օր տեւած մեդիայ ֆորումից յետոյ կազմակերպիչները հաւաստիացնում են՝ օտարերկրացի լրագրողները հասկացան, որ Ցեղասպանութիւն, իրօք, եղել է: Իսկ ֆորումի հիմնական ուղերձը կարելի է ձեւակերպել այսպէս. «Միացէք մեզ, ընդունէք անցեալը, որպէսզի ապագայում նման ոճրագործութիւնները չկրկնուեն»։