Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Յիշում եմ եւ պահանջում». Երեւանում այսօր մեկնարկած «Արարատի ստորոտին» միջազգային եռօրեայ մեդիաֆորումի խորագիրն է: 5-րդ անգամ կազմակերուող ֆորումն այս տարի նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
Աշխարհի տարբեր ծայրերից Երեւան են ժամանել միջազգային լրատուամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Կազմակերպիչները խոստովանում են՝ այս ֆորումների արդիւնքում մասնակից լրատուամիջոցներում նուազել են հակահայ նիւթերը կամ Հայաստանի խնդիրներին վերաբերող նիւթերում՝ սխալ տեղեկութիւնները:
«Այս շփումը մարդկային շփում է, եւ այսպիսով մենք աւելի հեշտ եւ պարզ ենք կարողանում ներկայացնել մեր նպատակները։ Այն օգնում է թոյլ չտալ, որ մեր հակառակորդները լրատուամիջոցների հարթակներն օգտագործեն իրենց քարոզչութեան համար»,- ասաց Հ.Հ.-ի նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատուութեան կենտրոնի տնօրէն Արա Սաղաթելեանը։
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների գլխաւոր համակարգող Վիգէն Սարգսեանն իր ելոյթում յիշեցնելով, որ հարիւր տարի անց էլ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանութիւնն, ասաց, որ Ցեղասպանութիւնն աւարտուած չի կարող համարուել.
«Ցեղասպանութեան պատմութիւնը շարունակւում է, քանի որ այսօր էլ այդ յանցագործութիւնը կրկնւում է: Հէնց դա է պատճառը, որ մենք պէտք է շարունակենք խօսել, քննարկել այդ թեման»,- ասաց նա: «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիայ ֆորումի նպատակն է նախապատրաստել Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը, եւ թեմայի շուրջ աւելի յստակ պատկերացում կազմելու համար ֆորումի առաջին օրը ներկաները հարց ու պատասխանի հնարաւորութիւն ստացան: Տեղացի լրագրողներիս համար հետաքրքիր էր լսել օտարերկրացի մեր գործընկերներին եւս:
«Թուրքիան ինքը պիտի ընդունի, որ Ցեղասպանութիւն է արել, եւ աշխարհը պէտք է ճանաչի, որ Ցեղասպանութիւն եղել է»,- ասաց Լիբանանի «Նադալ» թերթի խմբագիր Պիեռ Աթալահը։ «Իմ գործը պատմութիւնը քննարկելը չէ, այլ երկու կողմերի դիրքորոշումները ներկայացնելը: Երրորդ անգամ եմ Հայաստանում եւ հասկացել եմ, որ մեր ժողովուրդների մշակոյթների մէջ շատ ընդհանրութիւններ կան: Յոյս ունեմ, որ երկու կողմերի միջեւ երկխօսութիւնը կը ստացուի ապագայում»,- ասաց «Զաման» թերթի լրագրող Սերուեթ Եանաթման։
Քննարկման նիւթ դարձաւ նաեւ «Հայկական սփիւռք՝ հայրենազրկումից մինչեւ համահայկական հռչակագիր» թեման, որի շուրջ ելոյթ ունեցան Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը: Մեդիաֆորումի մասնակիցներին ուղղած իր ելոյթում նախագահ Սերժ Սարգսեանը նշեց, որ թուրքական իշխանութիւններն իրենց ժխտողական քաղաքականութեամբ ոչ միայն արդարացնում են Օսմանեան իշխանութիւնների յանցագործութիւնը` հայերի հայրենազրկումը, այլեւ վտանգաւոր նախադէպ ստեղծում նոր ցեղասպանութիւնների իրագործման համար: Թուարկելիս նախագահը նշեց նաեւ ամենթարմ օրինակը. «Հայաստանը դատապարտում է «Իսլամական պետութեան», «Ալ Նուսրայի», այլ ահաբեկչական խմբերի իրականացրած ոճրագործութիւններն ու վայրագութիւնները»,- ասաց Սերժ Սարգսեանը։
Անկարայի՝ «Զրոյ խնդիր հարեւանների հետ» կարգախօսը յիշելով, նախագահն արձանագրեց, որ Թուրքիան պարզապէս կանգնած է «զրոյ հարեւան եւ բազմաթիւ խնդիրներ» իրողութեան առջեւ:
«Փաստօրէն, Թուրքիայի իրական մտադրութիւնը ոչ թէ հարեւանների հետ զրոյ խնդիրներ ունենալն էր, այլ յարաբերութիւնների սեփական ընկալումը հարեւաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նէոօսմանիզմի քաղաքականութեան դրսեւորում»,- ասաց Հ.Հ.-ի նախագահը:
«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի յուշահամալիր նախատեսուած է ֆորումի երկրորդ օրը: