Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ա.Մ.Ն.-ի արեւելեան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միութիւնը (Armenian Youth Federation – AYF) ստորագրահաւաք է սկսել` յորդորելով Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրէսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:
«2015 թուականի ապրիլի 24-ին նշւում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Միացէք մեզ եւ կոչ արէք Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրէսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը` վերահաստատելով իրադարձութիւնները ցեղասպանութիւն անուանելու Ա.Մ.Ն.-ի քաղաքականութիւնը: 1915-1923 թուականներին երկու միլիոն քրիստոնեայ հայեր բռնի տեղահանուել են իրենց հայրենիքից, որից 1.5 մլնը համակարգուած կոտորուել է Օսմանեան Թուրքիայի կառավարութեան կողմից Առաջին համաշխարհային պատերազմի քօղի տակ` հայերի 5000-ամեայ ներկայութիւնը իրենց պատմական հայրենիքից արդիւնաւէտ վերացնելով:
Էթնիկ զանգուածային ոչնչացման այս արշաւը, որը չշրջանցեց նաեւ Թուրքիայում բնակուող քրիստոնեայ յոյներին ու ասորիներին, ժամանակակից պատմութեան առաջին փաստագրուած ցեղասպանութիւնն է, որի ժամանակ մարդկանց խաչել են, չարչարանքների ենթարկել կանանց եւ երեխաներին, սեռական ստրկութեան վաճառել, տարհանել, զանգուածային մահապատիժներ իրականացրել, հարկադիր աշխատանքի ու ստիպել սովամահ լինել: Նոյնը եղել է նաեւ Հոլոքոստի ժամանակ: Այդ ցեղասպան արշաւը ընդգրկում էր նաեւ հայերի ու հայկական եկեղեցու ունեցուածքների բռնագրաւումը:
Հայոց ցեղասպանութիւնը բացայայտուած պատմութիւն է: Ցեղասպանագէտների միջազգային ասոցացիան բազմիցս եւ միաձայն այդ դէպքերը ցեղասպանութիւն է անուանել: 1918 թուականին Թէոդոր Ռուզուելտը Հայոց ցեղասպանութիւնը որակեց «պատերազմի մեծագոյն յանցագործութիւն»: 1939 թուականին Ադոլֆ Հիտլերը Հոլոքոտն արդարացնելու համար ասաց. «Ո՞վ է այս ամէնից յետոյ այսօր խօսում հայերի ոչնչացման մասին»: «Ցեղասպանութեան» բառի հեղինակ, Հոլոքոստը վերապրած իրաւաբան Ռաֆայէլ Լեմկինն ասել է, որ նա բառը ստեղծեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` հրէաների էթնիկ զտումները բնութագրելու համար:
Չնայած այս վճռական ապացոյցներին` թուրքական կառավարութիւնը ժխտում է իր անցեալը. այն քրէականացրել է սեփական քաղաքացիների շրջանում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումները եւ հզօր լոբբիստական կոալիցիայ հիմնել Ա.Մ.Ն.-ում, որի անդամները քաղաքական ազդեցութիւնն օգտագործում են ցեղասպանութեան վերաբերեալ ճշմարտութիւնը ժխտելու եւ այդ յանցագործութեան միջազգային ճանաչումը կանխելու համար:
Մենք Ա.Մ.Ն.-ի նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրէսին կոչ ենք անում կանգնել Թուրքիայի սպառնալիքների եւ քաղաքական ճնշումների դէմ ու աջակցել պատմական արդարութեանը: Միացէք եւս 22 պետութիւնների` այդ թւում Ն.Ա.Տ.Օ-ում ձեր 11 դաշնակիցներին, Վատիկանին, Ա.Մ.Ն.-ի 43 նահանգներին, եւ նախկին մի քանի նախագահներին, այդ թւում Ռոնալդ Ռեյգանին` 1915 թուականին դէպքերը փաստացի որպէս ցեղասպանութիւն ճանաչելու համար:
Նախագահ Բարաք Օբամայի դէպքում մենք պարզապէս կոչ ենք անում կատարել իր խոստումը: Որպէս սենատոր եւ նախագահի թեկնածու` Օբաման ցեղասպանութեան ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրուելու դէպքում կը ճանաչի ցեղասպանութիւնը եւ նոյնիսկ ասել էր, որ Ա.Մ.Ն.-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտութիւնը կ'ասի Հայոց ցեղասպանութեան մասին»: Մենք չէինք կարող չհամաձայնել, պրն. նախագահ:
Ապագայում նման վայրագութիւնները կանխելու ճանապարհը դրա ճանաչումն է եւ անցեալ մասին շատ բան իմանալն է: Ստորագրիր միջնորդագիրը եւ աւելացրու քո ձայնը ձայների աճող թուին, որոնք ճանաչում ու արդարութիւն են պահանջում»: