Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Եւրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեսկին «Եւրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ընթացքում մի քանի նախադասութիւն արտաբերեց հայերէն` որպէս շնորհակալութիւն՝ պատուիրակութեանը ջերմ ընդունելու համար: Նա նաեւ հայերէն ընդգծեց, որ իրենք յիշում են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:
Նրա խօսքով` «Եւրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը Հայաստանում անցկացնելը շատ կարեւոր իրադարձութիւն է զարգացող գործընկերութեան շրջանակներում: Չառնեսկին հայկական կողմին շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան, հիւրասիրութեան եւ չորրորդ լիագումար նիստը կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ ցանկանում է մի քանի խօսք ասել հայերէն:
«Շնորհակալութիւն Ձեր հիւրընկալութեան համար: Մենք գտնւում ենք մի երկրում, որն ունի երկար պատմութիւն եւ մեծ մշակութային ժառանգութիւն: Մենք ողջունում ենք հպարտ հայ ազգին եւ յիշում ձեր ազգի ողբերգութեան 100-րդ տարելիցը»,- հայերէն նշեց Չառնեսկին:
Ռիչարդ Չառնեսկին վեհաժողովի լիագումար նիստի մասնակիցների համար ընթերցեց ԵԽ նախագահ Մարտին Շուլցի ուղերձը, որի մեծ մասը հիմնականում վերաբերում էր Ուկրաինայի հակամարտութեանը: Մարտին Շուլցը իր մտահոգութիւնն էր յայտնել նաեւ, որ ադրբեջանական պատուիրակութիւնը հրաժարուել է մասնակցել լիագումար նիստի աշխատանքներին: