Աղբիւր՝ www.armenpress.am

 

Իսպանական «Gentiuno» պարբերականում մարտի 12-ին տպագրուել է յայտնի լրագրող Ռիկարդոյ Անգոսոյի «Թուրքիա. մի հատուած, որ չի տեղաւորւում Արեւմուտքում, սակայն որի կարիքն ունեն Միացեալ Նահանգները եւ նրա եւրոպացի գործընկերը» վերնագրով յօդուածը, որը ներկայացնում ենք ստորեւ` զգալի կրճատումներով:

«Վերջին տարիներին Թուրքիան նշաններ չի տուել, թէ ցանկանում է առաջընթաց գրանցել հակամարտութիւնների կարգաւորման գործընթացում իր հարեւանների հետ, իսկ ներկայիս առաջնորդ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսանում է աւելի շատ ազգայնական, քան իր նախորդներից որեւէ մէկը:

Բաւական է պարզապէս նշել քրդական խնդիրը, որը, ձգուելով աւելի քան երեք տասնամեակ եւ մօտ 50.000 մարդկային կեանք խլելով, մնում է չլուծուած եւ թուրքական պետութեան ու Քրդական աշխատաւորական կուսակցութեան (PKK) կողմից առանց որեւէ ստորագրուած համաձայնագրի: Թուրքիան շարունակում է օկուպացնել Կիպրոսի տարածքի 37%-ը, ուր ապօրինաբար ներխուժել է եւ չի ցանկանում Նիկոսիայի հետ բանակցել` խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու համար:

Եւ վերջապէս, Թուրքիան հրաժարւում է ճանաչել թուրքական իշխանութիւնների կողմից XIX-րդ դարի վերջերից մինչեւ 1923 թուականն իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը, որի  ընթացքում շուրջ երկու միլիոն հայ է սպանուել:

Դեռեւս ներկայ թուրքական բիրտ ազգայնականութեան եւս մէկ օրինակ. Թուրքիան ցանկանում է ստուերել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները (1915-2015թթ.), որոնք տեղի կունենան Երեւանում այս տարի` ապրիլի 24-ին` փորձելով նոյն օրը նշել իր յաղթանակը Գալիպոլիի ճակատամարտում: Բաւական վատ եւ ցաւալի փաստ: Խնդիրն այն է, որ նոր Թուրքիան հիմնադրուել է Մուսթաֆայ Քեմալ Աթաթուրքի կողմից Օսմանեան կայսրութեան աւերակների վրայ, մոնոէթնիկ հիմունքներով՝ բացառելով կապը էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւնների հետ, ժողովրդավարութեան դեֆիցիտի եւ հարեւանների նկատմամբ յստակ զաւթողական մօտեցմամբ:

Ռասիզմն ու այլատեացութիւնը շարունակում են գերակայ մնալ թուրքական քաղաքականութեան որոշակի միջավայրում, եւ սա է, որ խանգարում է հարեւանների հետ կապուած խնդիրների լուծման առաջընթացին եւ Թուրքիային, վերջիվերջոյ, դարձնում տարածաշրջանային անկայունութեան մի էլեմենտ»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշուած է յօդուածում: