Աղբիւր՝ www.tert.am
Ա.Մ.Ն.-ի հայ համայնքը, Ապրիլի 24-ի մօտենալուն զուգահեռ, Ա.Մ.Ն.-ի Կոնգրէսի ու Սպիտակ տան վրայ ճնշումն աւելացնում է. գրում է Ա.Մ.Ն.-ի թուրքերին պատկանող TurkishNY կայքը:
Կայքը, մասնաւորապէս, գրել է. «1915-ի դէպքերի 100-ամեակին ընդառաջ հայերը «հայկական թեզերն» ընդունել տալու համար Ներկայացուցիչների պալատին, Սենատին ու նախագահ Բարաք Օբամային էլեկտրոնային նամակներ են ուղարկում:
Ա.Մ.Ն.-ի ղեկավարութեանն ուղարկուած նամակներում ընդգծւում է, որ 1915-ին սպանուածները քրիստոնեաներ են եղել, որոնք այդ տարածքներում բնակուել են աւելի քան 5000 տարի ի վեր»:
Հեղինակը նաեւ յիշեցնում է, որ այսուհանդերձ պատմական իրողութիւնը ճանաչել են Ն.Ա.Տ.Օ.-ի անդամ 11 երկրներ եւ Վատիկանը, ինչպէս նաեւ Ա.Մ.Ն.-ի 43 նահանգները՝ «Թուրքիայի սպառնալիքներին ու քաղաքական ճնշումներին չենթարկուելով»։
Ի լրումն, Վաշինգտոնում թուրքական կազմակերպութիւնները միջոցառում են կազմակերպել, որի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչն ասել է, որ թուրք համայնքը պէտք է համախմբուի՝ Ցեղասպանութեան պնդումների դէմ պայքարելու եւ թուրք-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման համար: